Wednesday, August 19, 2009

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց

HayInfo. 18-8-2009- Օգոստոսի 14-ի իր հաղորդագրության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի` թուրք-հայկական դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ վերջերս լրագրողներին տված մեկնաբանություններին: Կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թուրքիայի ԱԳ նախարարության պարզաբանումներն առնչվում էին մասնավորապես հայկական զանգվածային լրատվամիջոցների վերջին տեղեկություններին, որոնք մեջբերումներ էին ներկայացրել ՌԱՀՀԿ տնօրենի` թուրք-ռուսական հարաբերությունների շուրջ արած մեկնաբանություններից: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարության կայքէջում օգոստոսի 14-ին տեղադրված պաշտոնական հաղորդագրության` Հայաստանի ԶԼՄ-ները` հղում անելով Կիրակոսյանին, տեղեկացրել էին, որ վերջինս ասել է, թե «գաղտնի համաձայնագիր» է ստորագրվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, ըստ որի` Ռուսաստանին իրավունք է տրվել օգտագործել թուրքական օդային տարածքը` հայկական Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմահենակետին զենք ու զինամթերք մատակարարելու համար: ՌԱՀՀԿ-ն նշում է, որ թերևս հայկական սկզբնաղբյուրը մասամբ ճշգրիտ չէր, քանի որ տնօրենն ասել էր, որ «ներկայումս թուրք և ռուս պաշտոնյաները բանակցություններ են վարում երկկողմ մի պայմանագրի շուրջ, և եթե համաձայնություն ձեռք բերվի թուրք-հայկական փակ սահմանի բացման վերաբերյալ, ապա ռուսական ռազմական ուժերը հնարավորություն կստանան մուտք գործել Գյումրիի հենակետ` օգտագործելով թուրքական օդային և ցամաքային տարածքը»: Աղբյուրն ամենաուշագրավ է դիտարկում այն, որ թուրքական Հյուրիեթ օրաթերթի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզյուգյարգինը քննադատեց Կիրակոսյանի մեկնաբանությունը` նշելով, որ «սա բացահայտ սադրանք է` ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների խաթարմանը»: Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններում Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ իր հայտարարություններին Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքն ինքնին վկայում է թուրք-ռուսական հարաբերություններում առկա վստահության էական բացակայության, ինչպեսև Հայաստանի հետ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության թուլության մասին: Ըստ նրա, տեղի ունեցածը «հարցականի տակ է դնում Թուրքիայի` Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու, ներառյալ Հայաստանի շրջափակումը վերացնելու և Հայոց Ցեղասպանության ժառանգությունը քննարկելու վերաբերյալ նախկինում տված խոստումների անկեղծությունը»: Կիրակոսյանի պարզաբանմամբ` «բեռն այժմ Թուրքիայի ուսերին է, քանի որ միջազգային հանրությունը գնալով ավելի ու ավելի անհամբեր է դառնում Թուրքիայի չկողմնորոշվածության և Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսևորման բացակայության հանդեպ»: Կիրակոսյանի խոսքով, «եթե անգամ Թուրքիան որոշի վերաբացել սահմանը և ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, նմանօրինակ քայլերը չպետք է դիտվեն որպես Հայաստանի համար որևէ պարգև կամ հատուցում, քանզի այսպիսի նվազագույն քայլերը քաղաքակիրթ երկրներից ակնկալվող տարրական պահանջներ են»: Խոսքի ավարտին ՌԱՀՀԿ տնօրենը վերստին ընդգծեց. «Չնայած տակավին գոյություն ունեցող որոշակի լարվածությանը, այնուամենայնիվ, Թուրքիան է, որ գտնվում է Հայաստանի հետ միասին առաջ գնալու ռազմավարական հնարավորությունը կորցնելու վտանգի առջև»:

No comments: