Tuesday, August 18, 2009

Ադրբեջանա-թուրքական հարձակումները լուրջ հարված են կիբեռանվտանգությանը. փորձագետներ

Tert.am. 17-8-2009- Տեղեկատվական անվտանգության փորձագետներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք են հայտնել, որ վերջին շրջանում հայկական կայքերի վրա հակերների հարձակումներն ադրբեջանցիների և թուրքերի ձեռքի գործն է: «Սա ադրբեջանաթուրքական հարձակում է, ինչ-որ սիմպոզիում գոյություն ունի այս երկու երկրների հակերների միջև»,- հայտարարել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ եթե հակերային հարձակումներին կիբեռանվտանգության տեսակետից նայենք, ապա դրանք բավական լուրջ հարված են, քանի որ արվում են դրսից ու ուղղված են պետության դեմ: Մարտիրոսյանը նշել է, որ չնայած հակերների հարձակումներն ազդում են երկրի իմիջի վրա, սակայն ավելի ցավալի է այն, որ մեր նախարարությունները չեն խոստովանում, որ իրենց կայքերը կոտրվել են կամ ենթարկվել են հարձակման: Ըստ նրա՝ հակերների հարձակման են ենթարկվում նաև մեծ երկրները: Սամվել Մարտիրոսյանը և ասուլիսին մասնակից «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը հայտարարել են, թե ադրբեջանցիների և թուրքերի կողմից հայկական կայքերի հարձակումները պետական ծրագրի մի մասն են ու նպատակ ունեն ազդելու հայ հասարակության վրա: Մարտիրոսյանն ասել է, որ հակերների հարձակումները կարող են տարբեր պատճառներով արվել՝ օրինակ, ըստ նրա, Մադրիդյան առաջարկների շուրջ ստեղծված լարվածության ֆոնին Ադրբեջանը թե իր ժողովրդին, թե հայերին ցանկանում է ցույց տալ իր հզորությունը՝ պայքարելով բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև տեղեկատվական: Էդուարդ Աբրահամյանն էլ այն կարծիքն է հայտնել, որ ադրբեջանական տեղեկատվական ոլորտն ապատեղեկատվության և այլ հնարքների միջոցով փորձում է առավելության հասնել ու հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա: «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը նշել է, որ ադրբեջանցիները համագործակցում են նաև արտասահմանյան մամուլի հետ: Ըստ նրա, օրինակ, մի ժամանակ նրանք համագործակցում էին ռուսական Газета.ru կայքի հետ, ինչի արդյունքում այդ կայքում հայտնվել են հակահայկական հրապարակումներ:

No comments: