Thursday, August 27, 2009

CNN-Ը ՇՓՈԹՄՈՒՆՔ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Հրապարակելով Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջանները ներառող «Քուրդիստանի» քարտեզը «ԱԶԳ», 27-08-2009- Մինչ Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, արձագանքելով երկրում բնակչության շուրջ 1/4-ը կազմող քրդերի դժգոհություններին, հանդես էր գալիս «քրդական» նախաձեռնությամբ, եւ դա դրական արձագանքի էր արժանանում միջազգային ասպարեզում, ահա CNN-ը հրապարակում է մի քարտեզ, որտեղ որպես «Քուրդիստան» են ներկայացված Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջանները: Այս քարտեզով «Քուրդիստանի» սահմաններում ընդգրկված են Սիրիայիՙ Թուրքիային եւ Իրաքին սահմանակից հյուսիսարեւելյան որոշ շրջաններ, ինչպես նաեւ թուրքական սահմանի երկայնքով մի փոքրիկ հատված Հայաստանի Հանրապետությունից: Ըստ երեւույթին, քարտեզում խնդրո առարկան այսպես կոչված թուրքական կամ, ինչպես քրդերն են անվանում, «Հյուսիսային Քուրդիստանն» է, որովհետեւ քարտեզը չի ներառում Հյուսիսային Իրաքն ու Իրանի քրդաբնակ շրջանները: Այսպիսի քարտեզի հրապարակումը CNN-ում ի՞նչ նպատակ է հետապնդում, դժվար է կռահելը: Բայց որ դա հազիվ թե նպաստի վարչապետ Էրդողանի «քրդական» նախաձեռնությանը, կասկած չի հարուցում: Համենայն դեպս, «Քուրդիստանի» քարտեզը CNN-ում հրապարակվել է հայտնի հաղորդավար Քեմբլ Բրաունի ծրագրում, իսկ դա, Նյու Յորքի turkishny.com կայքէջի վկայությամբ, դարձել է ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների եւ ամերիկաբնակ թուրքերի շփոթմունքի պատճառը: CNN-ին բնութագրելով որպես «Թուրքիայի դեմ ուղղված հաղորդումներով հայտնի հեռուստատեսություն», turkishny.com-ը նշում է այն հակազդեցության մասին, որը պատրաստվում են ցուցաբերել ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները: Ըստ կայքէջի, «Արտերկրում բնակվող քաղաքացիների տեղեկատվության խորհրդի» անդամ Ալի Չինարը հայտարարել է, որ CNN-ի դեմ պատրաստվում է ստորագրահավաքի արշավ կազմակերպել: Նա միաժամանակ նշել է, որ CNN-ը, հրապարակելով «Քուրդիստանի» քարտեզը, անցել է տեսանելի եւ անտեսանելի բոլոր սահմանները, վերագրելով հեռուստատեսության այս արարքը Թուրքիայում իրականացվող «քրդական» նախաձեռնությունը շահարկելու օտարերկրյա միտումներին: CNN-ին հակազդելու առումով Չինարին է միացել Ամերիկայի թուրքական միությունների համագումարի` ATAA-ի ղեկավարությունը: Այս հակազդեցությունը ենթադրելի էր, ուստի պետք է հասկանալի լինի: Թերեւս անհասկանալի է մնում, թե ինչու Թուրքիայում որեւէ արձագանք չի գտել օգոստոսի 21-ին հրապարակված «Քուրդիստանի» քարտեզը: Ենթադրել, որ թուրքական թերթերին արձագանքելու հնարավորություն չի տալիս Էրդողանի կառավարությունը, իրատեսական չէ: Կամ մտածել, որ արձագանքի դեպքում «քրդական» նախաձեռնությունը կպայմանավորվի ԱՄՆ-ի հորդորներով, նույնպես չի կարող ճիշտ լինել, որովհետեւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին նախաձեռնությունը հրապարակավ համարել է Վաշինգտոնի պատվեր եւ դրան աջակցելու համար քննադատել է նաեւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբին: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: