
«Ազատություն» 26-8-2009- Մեկ տարի տեւած ծանր հիվանդությունից հետո, 77 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Սենատի անդամ Էդուարդ Քենեդին:
2008 թվականին Էդուարդ Քենեդիի մոտ գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել:Էդուարդ Քենեդին Դեմոկրատական կուսակցության առանցքային դեմքերից էր եւ Սենատի ամենաազդեցիկ անդամներից: Նա սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման` Կոնգրեսում շրջանառվող օրինագծերը եւ միացել հայանպաստ այլ նախաձեռնությունների:Էդուարդ Քենեդին Սենատում առաջին անգամ ընտրվել էր 1962 թվականին, երբ իր եղբայրը` Ջոն Ֆիթցջերալդ Քենեդին ԱՄՆ-ի նախագահն էր:1980 թվականին նա պայքարում էր Դեմոկրատական կուսակցության կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար, սակայն պարտվեց Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջիմի Քարթերին:Ազդեցիկ պետական գործիչը 2008 թվականի նախագահական ընտրարշավում սատարում էր Բարաք Օբամային, ինչը կարեւորագույն նշանակություն ունեցավ Դեմոկրատական կուսակցությունից վերջինիս թեկնածության առաջադրման համար:Էդուարդ Քենեդիի մահվան մասին նրա ընտանիքը հայտնել է չորեքշաբթի վաղ առավոտյան:Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Էդուարդ Քենեդիի մահվամբ Միացյալ Նահանգները «մեծ առաջնորդի» կորցրեց:Ազդեցիկ գործչի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում ամերիկացի քաղաքական գործիչները, ինչպես նաեւ համաշխարհային առաջնորդները:
No comments:
Post a Comment