Sunday, August 30, 2009

EBU-ն քննում է հայերի օգտին քվեարկած ադրբեջանցիների հարցաքննության դեպքերը

Tert.am.29-8-2009- Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր տնօրենը պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին հաջորդած դեպքերի շուրջ ծավալված հետաքննության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հարցաքննել էր երկրի այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել էին Հայաստանի ներկայացուցիչների օգտին։ Ictimai ադրբեջանական հեռարձակող ընկերությունն արդեն արձագանքել է EBU-ի կողմից հանձն արված հետաքննությանը։ Ինչպես հայտնում է «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի կայքը, EBU-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Եվրոպական հեռարձակողների միությունը պատասխան է ստացել Ադրբեջանից այն մեղադրանքների առիթով, համաձայն որոնց «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի շրջանակներում Հայաստանի երգի օգտին հեռախոսով քվեարկած երկրի քաղաքացիները ենթարկվել են հարցաքննության Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից։ Այնուամենայնիվ, Ictimai-ը, որը հանդիսանում է EBU-ում ադրբեջանական կողմից պաշտոնական անդամը և որն այս տարի հեռարձակել է երգի մրցույթը Մոսկվայից, մեկ անգամ ևս հաստատել է արդար և անաչառ քվեարկության անվերապահությունը։ Անդրադառնալով Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ երկրի ներքին գործերի նախարարության կողմից հարցաքննման հանգամանքին, Ictimai-ը հայտնել է, որ երկրի ազգային անվտանգության նախարարությունը վստահեցրել է, որ ոչ ոք թե՛ պաշտոնապես, թե՛ ոչ պաշտոնապես չի ենթարկվել հարցաքննության երգի մրցույթի ժամանակ Հայաստանի օգտին քվեարկելու համար։ Նշենք, որ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության և ռադիոընկերության պաշտոնական հայտարարության մեջ «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հետ կապված աղմկահարույց դեպքը նույն կերպ է մեկնաբանվում»։ Սակայն, ինչպես ասված է EBU-ի պաշտոնական հաղորդագրությունում, վերջինիս գլխավոր տնօրեն Ժան Ռևեյոնն ընդգծել է, որ, անգամ հաշվի առնելով ադրբեջանական կողմի հայտարարությունը, հարկ է համարում շեշտել, որ յուրաքանչյուր անձ իրավասու է քվեարկել ցանկացած երկրի օգտին, բացառությամբ այն երկրի, որտեղից դիտում ես երգի մրցույթը։ EBU-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ազատ քվեարկությունը «Եվրատեսիլի» կանոնակարգի հենակետն է։ «Քվեարկության ժամանակ անհատի իրավունքների խախտումը կամ հարցաքնությունը պարզապես անընդունելի է»,- նշել է EBU-ի տնօրենը։ Այսպիսով, Եվրոպական հեռարձակման միության հանձնաժողովը, որը պատասխանատու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման համար, հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օգտին քվեարկելու համար երկրի քաղաքացիների հարցաքննության հարցը կուսումնասիրվի և կքննարկվի նաև Օսլոյում 2009թ. սեպտեմբերի 11-ին։ Նշենք նաև, որ, չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին առ այն, որ հարցաքննության ոչ ոք չի կանչվել, դեռևս օգոստոսի 15-ին Tert.am–ը մեջբերել էր ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջլույի խոսքերը, ով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյին պատմել էր, որ իր տղային՝ 17-ամյա Թուրան Օրուջլույին կանչել են հարցաքննության։ «Ես գիտեմ, որ իմ տղան ու նրա համադասարանցիները քվեարկել են հայ երգչուհիների օգտին։ Ոչ մի վատ բան ես դրանում չեմ տեսնում։ Դա 17-ամյա տղայի ընտրությունն է։ Ես չեմ կարող դրան խառնվել»։ Քաղաքագետը պահանջել է ԱԱՆ-ից իր տղայի հետ հանդիպելու ցանկության պատճառները բացատրել։ Մեկ այլ ադրբեջանական գործակալություն ՝«Գայնարինֆո»-ն, նույնպես հաղորդում էր առանձնազրույցների փաստի մասին։

No comments: