Wednesday, September 30, 2009

Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը` հոկտեմբերի 10-ի՞ն

A1+ . 29-9-2009-Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը հակամարտող կողմերին կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան նախատեսված առաջիկա այցի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Մադրիդյան սկզբունքներն արդեն նորացված են: Մենք աշխատել ենք դրանց վրա հուլիսի վերջին' Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ»,- ադրբեջանական «Trend» գործակալությանը այսօր հեռախոսով հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Յուրի Մերզլյակովը: Իսկ ահա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայ լրագրողներին Տավուշի մարզում ԵԱՀԿ իրականացրած դիտարկումից հետո ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կայցելեն հոկտեմբերի 1-ին: Կասպրչիկը նաեւ հայտարարել է, թե համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) կայցելեն նաեւ Ստեփանակերտ, այնուհետ կմեկնեն Բաքու: Համանախագահների այցի նպատակն է՝ նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: Ըստ ադրբեջանական մամուլի' Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին: Ի դեպ, նույն օրը Ցյուրիխում նախատեսված է հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների ստորագրումը:

No comments: