«Կապիտալ» օրաթերթ 15-9-2009- Չնայած Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի արտահանման մեծ ներուժ (ներկայումս օգտագործվում է առկա հզորությունների ընդամենը 1/3-ը), իսկ Թուրքիան՝ տարեկան շուրջ 15% պահանջարկի աճ և չբավականացնող արտադրական հզորություններ, երկու երկրների միջև տնտեսական ուղղակի (չկայացած) համագործակցությունը շարունակում է պատանդ մնալ քաղաքական խնդիրներին:
Հայ-թուրքական չկարգավորված քաղաքական հարաբերություններից հարևան Վրաստանը շարունակում է անուղղակի օգուտներ ունենալ: Օրերս Թուրքիան և Վրաստանը պայմանագիր են ստորագրել նոր էներգետիկ նախագիծ իրականացնելու շուրջ: Երկու երկրների միջև նախատեսվում է կառուցել բարձրավոլտ նոր էլեկտրագիծ։
«Վրաստանի պետական էներգահամակարգ» ընկերության կառավարչի պաշտոնակատար Սուլխան Զումբուրիձեն հայտարարել է, թե թուրք-վրացական էներգետիկ ծրագրի իրականացման հարցում վտանգներ չկան երկու պատճառով. «Առաջին՝ պայմանագրով ֆիքսված են բոլոր մանրուքները, և Թուրքիան արդեն որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Ավելին՝ նա այս տարվա վերջից նախատեսում է սկսել իր հատվածի շինարարությունը։ Երկրորդ՝ Թուրքիան որևէ զուգահեռ բանակցություն չի վարում Հայաստանի հետ»:
Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրված էներգետիկ փաստաթղթով Թուրքիան իր տարածքում պետք է կառուցի 110 կմ հոսանքագիծ, իսկ Վրաստանը՝ շուրջ 280 կմ։ 500 ԿՎ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ծրագրի նախնական արժեքը գնահատվում է €300 մլն:
Ֆինանսավորումն իրականացնելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, գերմանական KfW բանկը և Եվրոպական ներդրումային բանկը։
Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և բելգիական «Յունիթ» ընկերության (որը Թուրքիայում զբաղվում է էլեկտարաէներգիայի վաճառքով) միջև անցած տարի նախանշված համագործակցությունն այդպես էլ մնաց թղթի վրա։
Բազմաթիվ անգամ արտահանման տարբեր ժամկետներ հնչեցին, սակայն առ այսօր Հայաստանից Թուրքիա ոչ մի կՎտ չի արտահանվել, թեև նախնական պայմանավորվածություն կար տարեկան 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու մասին։
Tuesday, September 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment