
Հովանավորությամբ ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի, երեկ, սեպտեմբերի 29-ի երեկոյան, Թեհրանի պետական համալսարանի (ԹՊՀ) Ճարտարապետ-ճարտարագետների կենտրոնի, Հայ ճարտարապետների եւ ճարտարագետների միության (ՀՃՃՄ) ու Հայ ակումբի համատեղ նախաձեռնությամբ, Հայ ակումբի սրահում կազմակերպվել էր իրանահայ անվանի ճարտարագետ, նկարիչ եւ արձանագործ Ռոստոմ Ոսկանյանի մեծարման երեկո:
Հոբելյանական ձեռնարկը վարում էր ՀՃՃՄ նախագահ ճրտ. Ապրահամ Այվազյանը, ով բավական սահուն պարսկերենով ու բանաստեղծություններով եւ հուշերով համեմված ելույթով հանդես եկավ ու հերթաբար բեմ հրավիրեց հոբելյարի դասաընկերներին ու գործակիցներին՝ դոկտ. Սիավոշ Թեյմուրիին, դոկտ. Ալի Աքբար Սարեմիին, ԹՊՀ ճարտարապետ-ճարտարագետների կենտրոնի նախագահ ճրտ. Մեհրդադ Հաշեմզադեին, որպեսզի իրենց սրտի խոսքն ասեն իրենց երեց ընկերոջը, դասախոսին եւ ինչու չէ նաեւ վարպետին:
Այնուհետ ձեռնարկի վարողը բեմ հրավիրեց արվեստագետ Լիդա Բերբերյանին, խոսելու համար վարպետի նկարչությունների եւ արձանագործությունների մասին: Ապա հերթն հասավ իրեն՝ հոբելյարին: Եվ ինչ, Վարպետը մի երկու նախադասություն ու մի քառյակ ասաց ու դրանով լրացրեց իր միտքը՝ «...բաց բերանում փակված է լեզուս» եւ բուռն ծափահարություններ:
Վերջին խոսքն էլ ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Հովհաննիսյանին էր:
...Հետո էլ մի հուշանվեր վարպետին, հավաքական նկարներ ու մտերմիկ մի հյուրասիրություն:
Վարձքներդ ի կատար:
Հիշեցնենք, ճրտ. Ռոստոմ Ոսկանյանը ծնվել է 1932թ.: Ավարտել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը, նույն ճյուղում գերլիսանս է ստացել Ֆրանսիայի Բուզար համալսարանից:
Նա 1964թ. մինչեւ 1986թ. դասախոսել եւ տնօրինել է ԹՊՀ Գեղարվեստի ֆակուլտետի ճարտարագիտության բաժանմունքը:
Նրա գործերից են Արարատ մարզավանը, նույն մարզավանի տարածքում կառուցված Ս. Խաչ մոտուռը, Հայ ակումբը եւ այլն:
Ռ. Ոսկանյանը այժմ հաստատված է Ամերիկայում:
No comments:
Post a Comment