Tuesday, September 1, 2009

ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

ԱՄՆ-ն առաջընթաց է ակնկալում հայ-թուրքական հարբերությունների բարելավման գործընթացում: Այսօր նման հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից»,- հայտարարել է դեսպանը` նշելով, որ ԱՄՆ-ն հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև սահմանի բացման կողմնակից է:Ուշագրավ է, որ Մարի Յովանովիչի հայտարարությունը հնչել է հենց այն օրը, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Բի-Բի-Սի» հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում վերստին կրկնել է իր այն հայտարարությունը, որ Թուրքիա կմեկնի երկխոսության մեջ շոշափելի առաջընթաց նկատվելու դեպքում: «Եթե թուրքերը հավատարիմ մնան մեր պայմանավորվածություններին, դա տեղի կունենա: Մենք պայմանավորվածություններ ունենք: Եվ ես կարծում եմ, որ նորմալ, ճիշտ ուղին այն է, երբ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին: Ցավոք, մինչ օրս այդ պայմանավորվածությունները կատարելու ցանկություն կամ ձգտում ես չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է անփոփոխ` հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների»,- նշել էր հանրապետության նախագահը:Կարելի է նկատել, որ Մարի Յովանովիչի հայտարարության ժամկետը պատահական չէ և Անկարային ուղղված ազդանշան է առ այն, որ ԱՄՆ-ն համապատասխան հետևություններ կանի հայ-թուրքական երկխոսության տապալվելու դեպքում:Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն իր նոխորդիվ արած հայտարարություններում բազմիցս նշել է, որ թուրքական կողմից կոնկրետ գործողությունների ձևով կամքի ցուցաբերում ակնկալում է մինչև հոկտեմբերի 14-ը: Հենց այդ օրն է նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը և նախատեսվում էր, որ այն դիտելու համար Սերժ Սարգսյանը պատասխան այցով կմեկնի Թուրքիա: Սակայն այսօր փորձագետները դժվարանում են պնդել, որ Հայաստանի նախագահը կգնա Թուրքիա: Պատճառը` Անկարայի կողմից ադրբեջանական շանտաժներին տեղի տալն և հայ-թուրքական երկխոսության գործընթացը սառեցնելն է: Աղբյուր` Panorama.am , 31-8-2009

No comments: