
Lragir- 15-9-2009- Երբ խոսվում է հայ-թուրքական հարաբերության ներկայիս գործընթացի մեջ առկա քաղաքական վտանգների մասին՝ ի դեմս թե պատմական հարցերի քննարկման միջոցով Հայաստանի պահանջատիրական պոտենցիալը թուլացնելու վտանգի, թե փոխադարձ սահմանների ճանաչման եւ այլ երկրների տարածքային ամբողջության եւ սահմանների անձեռնմխելիության ճանաչման դրույթների առկայությամբ Հայաստանի մանեւրելու հնարավորության սահմանափակման, շատ շրջանակներում դա թողնում է մակերեսային դիտարկման տպավորություն:
Համենայն դեպս այդպես էլ ներկայացվում է, առաջ քաշելով հարցադրում, թե չեն քննարկվում եւ չեն վերլուծվում հայ-թուրքական հարաբերության այլ, ավելի կարեւոր եւ ավելի խորն ընդգրկում ունեցող հարցեր, թե ասենք ինչ շահ են հետապնդում այդ ամենի մեջ գերտերությունները, ինչ տնտեսական շահ ու մարտահրավեր է ձեռք բերում Հայաստանը, ինչ է լինում Վրաստանի հետ հարաբերությունը, ինչ է ասում եւ մտածում Իրանը, եւ այլն, եւ այլն:
Այդ հարցերն իհարկե կարեւոր են: Գուցե չափազանց կարեւոր: Բայց, թերեւս ժամանակն է, որ հայ քաղաքական եւ վերլուծական միտքը կարողանա տարբերակել գլխավորը երկրորդականից: Իսկ դա նշանակում է, որ սեփական շահը պետք է դիտարկել ոչ թե արտաքին եւ հարակից գործոնների պրիզմայով, եթե նույնիսկ այդ գործոնները իրենց ֆիզիկական եւ բարոյական ծավալով առավել ընդգրկուն են, այլ տվյալ գործոնները պետք է դիտարկել սեփական շահի պրիզմայով: Իսկ երբ հարցը դիտարկում ենք սեփական շահի պրիզմայով, ապա արձանագրում ենք, որ եթե մենք հայ-թուրքական հարաբերության կարգավորման համար անում ենք այն զիջումները, որ ուղղակի կամ ենթատեքստով ներառված են հայ-թուրքական արձանագրություններում, ինչպես նաեւ բանավոր կերպով արտահայտվում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների մեջ, ապա այդ դեպքում մեծ հաշվով մեզ համար արդեն այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ շահ ունեն գերտերությունները, ինչ տնտեսական օգուտ եւ վտանգ կա հայ-թուրքական սահմանի բացումից, ինչ են մտածում Վրաստանը, Իրանը կամ Գվինեա Բիսաուն, թե Անտիգուա-Բարբուդան:
Կարելի է իհարկե խելոքի տպավորություն թողնելու համար թվարկել բազմաշերտ եւ բազմազան հարցերի շրջանակ, բայց դրանով ընդամենն ապահովել բուն հարցի շեղումը եւ այդ շրջանակի մեջ դրա խճճումը: Կարելի է իհարկե խոսել ու քննարկել ինչի մասին ասես, հայ-թուրքական հարաբերությունը կապել նույնիսկ գլոբալ տաքացման պրոբլեմի հետ, բայց դրանով ընդամենը ուշադրությունից դուրս թողնել բուն պրոբլեմը: Մեզ ինչ, թե ինչ հարակից գոործոններ կան, եթե մենք զոհում ենք մեր ձեռքի գործոնները, եթե մենք թուլացնում ենք մեր աշխարհքաղաքական եւ ռազմավարական պոտենցիալը: Պարզապես ստացվում է, որ իբր թե հաշվելով, մենք իրականում ոչ թե հաշվում ենք, այլ հաշմում ենք մեր հնարավորություններն ու պոտենցիալը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
No comments:
Post a Comment