Saturday, September 12, 2009

ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

«Լրագիր» 11-9-2009- Հայ-թուրքական հարաբերություններից խոսելիս նախ պետք է հարցեր տանք` ինչու այժմ հրատապ դարձավ, ինչքանով է գործընթացը ձեռնտու Հայաստանին, որտեղից սկսվեց այս նախաձեռնությունը, ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՀԺԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած քննարկմանը: Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը պայմանավորված է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող լուրջ փոփոխություններով: Ամեն ինչ փոխվեց 2008 թ., երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Վրաստանի դեմ, իսկ դրանից մի քանի օր անց Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեկնեց Ռուսաստան և առաջարկներով հանդես եկավ: Թուրքիան մեզ առաջարկել է սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Նրանց առաջարկներին մենք էլ պետք է պատասխանենք, սակայն առայժմ դրանք չկան, իսկ ցեղասպանության և Ղարաբաղի հարցում մենք քննարկելու ոչինչ չունենք: Եթե հարաբերություններ են հաստատվում առանց նախապայմանների, նշանակում է, որ կամ կան գաղտնի պայմանավորվածություններ, կամ Թուրքիայի վրա է ճնշում գործադրվել, ասել է Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, Ղարաբաղի հարցը չէր կարող լինել հայ-թուրքական արձանագրությունների մեջ, որովհետև եթե դա լիներ, դրա հետ մեկտեղ կարող էր 10 այլ հարց մտցվեր: Պարտադրված արձանագրություններում Ղարաբաղի հարցը տարանջատված է: Այս գործոնը իշխանությունները կարող էին օգտագործել երկրի ներսում, սակայն հասարակությունն այսօր ամբողջովին չի վստահում իշխանություններին, ինչ էլ այն ասի: Այստեղ առաջ է գալիս ռուս-թուրքական գործոնը: Հարց է ծագում՝ արդյոք Թուրքիան հրաժարվել է Ղարաբաղի հարցից: Այժմ թուրքական մամուլում ակտիվորեն քննարկում է այն հարցը, թե Ադրբեջանը պետք է մոռանա Ղարաբաղը: Սա պատահական լինել չի կարող: Ըստ Մանվել Սարգսյանի, հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այն ոչինչ չի պարունակում: Այն, ինչպես մադրիդյան փաստաթղթերը, սովորական դիվանագիտական արձանագրություն է, որը մեծ տերությունները կարող են օգտագործել ինչպես ցանկանան:

No comments: