Wednesday, September 23, 2009

Էրդողանը Մինսկի խմբին կոչ է անում արագացնել ղարաբաղյան կարգավորման ջանքերը

«Ազատություն» 22-9-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ղարաբաղյան հարցով զբաղվող միջնորդներին արագացնել հակամարտության կարգավորման ջանքերը` մինչ պաշտոնական Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Երեւանի հետ: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Էրդողանն ասել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որտեղ համանախագահում է Միացյալ Նահանգները, առանցքային դեր է խաղում Հայաստանի հետ հարաբերությունների հաշտեցմանը նպաստելու հարցում եւ միջնորդական խմբին հորդորել է ակտիվացնել ջանքերը այդ ուղղությամբ: Թուրքիայի վարչապետն այս մասին հայտարարարել է Նյու Յորքում, ուր նա մեկնել է մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Նյու Յորքում նախատեսվում է հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի հրապարակել Էդվարդ Նալբանդյանի Նյու Յորքյան օրակարգը` նշելով, սակայն, որ նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:

No comments: