Tuesday, September 29, 2009

ԻՄԱՑԵԱԼ ԱՆԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 29-9-2009- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդող ներքաղաքական քննարկումներն արդեն մոտենում են վեցշաբաթյա ժամկետի վերջին, սակայն քննարկում, որպես այդպիսին, դեռեւս կարծես թե տեղի չի ունենում: Հայ-թուրքական արձանագրությունների բովանդակության եւ հայ-թուրքական հարաբերության կարգավորման տրամաբանության ընդդիմախոսների կոնկրետ փաստարկներին տրվող պատասխանները շարունակում են տեղավորվել առավելապես “լայն” մտածողության, մեկուսացումից դուրս գալու, հարեւանների հետ լավ հարաբերություն ունենալու, տնտեսությունը զարգացնելու եւ մրցունակ դարձնելու ընդհանուր դատողությունների շրջանակում: Ընդդիմախոսներն ասում են անձրեւ է գալիս, կթրջվենք, կհիվանդանանք, անկողին կընկնենք, բժիշկների համար ստիպված կլինենք ահագին ռեսուրսներ ծախսել, կթուլանանք, իսկ հակառակ կողմից պատասխան է ստացվում` բայց չէ որ մեր մարգերը կջրվեն, չէ որ մեր բերքը առատ կլինի, թե դուք ուզում եք, որ մեր այգին չորանա: Ում է այգին պետք լինելու, եթե այգեպանը տանը հիվանդ պառկած է անկողնում եւ բժիշկների խնամքի հույսին է: Կամ ում է պետք այգին, եթե անձրեւը գալու է անդադար եւ այդ այգին դառնալու է ոչ թե դրախտ, այլ ընդամենը ճահիճ: Եւ ընդդիմախոսությունը վերաբերում է նրան, որ Հայաստանը հայտնվում է անկողնային այգեպանի դերում, որի այգին անձրեւից հետո եթե ծաղկում էլ է, ապա չունի պահակ եւ ով ասես, երբ ասես եւ ինչպես ասես եւ ինչ ասես կարող է անել: Հայաստանը համաձայնվում է Թուրքիայի հետ մտնել պատմական արխիվների ուսումնասիրման մի պրոցեսի մեջ, որը կարող է ձգվել անվերջ: Իսկ պատմական արխիվները վերաբերելու են ցեղասպանության փաստերին: Ամեն մի փաստաթուղթ ինքնին ցեղասպանություն չէ, բայց հարյուր կամ հազար փաստաթուղթն արդեն նշանակում է քննարկել ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը: Իսկ ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Թուրքիան իրեն ձերբազատում է ցեղասպանության ճանաչման գործընթացի ոչ միայն ներկա, այլ ապագա որեւէ հնարավոր ճնշումից: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի հետ հարաբերվելիս Հայաստանը զրկվում է մի բավական ազդեցիկ լծակից: Այն կարող էր երբեւէ, հարյուր, հազար տարի չօգտագործվել, բայց երբ Թուրքիան գիտեր, որ Հայաստանը դա կարող է իր դեմ օգտագործել, ապա ստիպված էր որոշակիորեն զուսպ լինել: Այսինքն, խնդիրն այստեղ հուզական հողի վրա չէ, թե բա մեր ցեղասպանությունը, բա մեր պահանջները, բա մեր հողերը; Խնդիրն այստեղ կոնկրետ քաղաքական ազդեցիկ լծակի կորստի մասին է, որ մենք թույլ ենք տալիս թեթեւ ձեռքով կամ մտքով: Նույնը սահմանների ճանաչելիության խնդիրը: Թուրքիան Հայաստանին զրկում է պահանջատիրության իրավական մեխանիզմներից, այդպիսով մեզանից խլելով եւս մի կոնկրետ քաղաքական լծակ: Այստեղ էլ խնդիրը հուզական չէ, մեր հայրենիքի հանդեպ ռոմանտիկ, պապական ձգտումները չեն, այլ պետության ապագայի ռեսուրսների հերթական կորուստը: Կամ, ինչու է հայ-թուրքական արձանագրությունների մեջ նշվում, որ երկու երկրները ճանաչում են այլ երրորդ երկրների տարածքային ամբողջությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Որ երրորդ երկրի շահն է այդ կետում արտահայտվում: Արդյոք դա Ադրբեջանի շահը չէ: Ինչ գործ ունեն հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները երրորդ երկրների հետ, որ կարիք կար արձանագրություններում նշել այդ կետը: Եթե երկկողմ սահմանների ճանաչելիության մասին դրույթն ինչ որ առումով կարող է տրամաբանական թվալ, թեեւ ոչ պարտադիր, ապա երրորդ երկրների մասին դրույթն ուղղակի տարօրինակ է եւ հերքում է այն բոլոր պնդումները, թե Ղարաբաղի անուն արձանագրության մեջ չկա: Դա նույնն է, երբ արձանագրություններում նշվեն ասենք արտգործնախարար Նալբանդյանի կամ Ղարաբաղի եւ ցեղասպանության անունների բացակայության մասին պնդումներ անողների արտաքին տվյալները, նկարագրեն սանրվածքը, դիմագծերը, հասակը, գիրությունը կամ նիհարությունը, աշխատանքի վայրը, աշխատանքային ֆունկցիաները, ծննդյան տարեթիվն ու հորոսկոպի նշանը, բայց անունը չգրեն, ու այդ մարդն ասի, որ այնտեղ իր մասին խոսք չկա, քանի որ իր անունը չկա: Դա ուղղակի ծիծաղելի է, զավեշտալի, բայց նաեւ ողբերգական, քանի որ պետության ապագայի հետ կապված լրջագույն հարցում կա իշխանության եւ նրա քարոզչամեքենայի այդօրինակ տրիվիալ վերաբերմունք: Եվ ողբերգությունը հատկապես այն է, որ այդ վերաբերմունքը շատ դեպքերում դրսեւորվում է միանգամայն գիտակցված, այսինքն միանգամայն գիտակցելով, թե իրականում որքան մեծ գին է վճարում Հայաստանը սահմանի բացման համար, թե որքան կոնկրետ են մեր կորուստներն անորոշ ձեռքբերումների ֆոնին: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: