ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԱՄՍԱԹՎԵՐ
դիվանագիտության մեջ
Խորհրդանիշները միշտ էլ կարևոր դեր են ունեցել մարդկության կյանքի տարբեր ոլորտներում: Ի վերջո, Արարատ լեռը մեզ համար միայն մի քանի միլիոն տոննա սառույց, քար ու փոշի չի: Խորհրդանիշները, ինչպես նաև հատուկ խորհուրդ ունեցող ամսաթվերը, գրեթե սրբագործված են ազգային հոգեբանության մեջ:
2002թ. հոկտեմբերի 29-ին Օտտավայում, Կանադայի ազգային պատկերասրահի դահլիճում, տեղի էր ունենում մեզ համար մի կարևոր իրադարձություն: Այդ օրը Կանադայի Ժառանգության նախարար (Մշակույթի նախարարի մեր համարժեքը) տկն. Շիլա Քոփսի և Հայաստանի Հանրապետության դեսպանի համատեղ հրավերով Օտտավայում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագետները հավաքվել էին դիտելու Արարատ ֆիլմը: Օրվա հերոսներն էին ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը, գլխավոր դերակատարներից` Արսինե Խանջյանը և, իհարկե, ֆիլմի պրոդյուսեր Ռոբերտ Լանթոշը:
Մթնոլորտի մեջ մի յուրատեսակ, անըմբռնելի բան կար, որովհետև այդ օրը պարզապես օրացուցային հերթական օր չէր, այդ օրը Թուրքիայի Հանրապետության օրն էր: Հրավիրյալները Արարատ ֆիլմի ցուցադրմանն էին ժամանում Թուրքիայի դեսպանության պաշտոնական ընդունելությունից հետո:
Երբ ֆիլմի ավարտից հետո, տեսածից ցնցված ու իրենց անտեղյակությունից զարմացած, մի քանի դեսպան ինձ մոտեցան և հարցրին. - Արդյո՞ք հոկտեմբերի 29-ի օրը հատուկ էր ընտրված, որ հակադրության վրա զգացողություններն ավելի սուր լինեն, ես պատասխանեցի. - Իհարկե ոչ, և մենք բոլորս լայն ժպտացինք:
Այնպես, որ, եթե այսօր մեկն ինձ հարցնի. Արդյոք չարամիտ դիտավորություն չէ կամ մեր վերքի վրա աղ ցանելու թուրքական ցանկություն, երբ մեր իրավունքներն ուրանալու արձանագրությունները մեզ ստորագրել են տալիս Կարսի պայմանագրի ստորագրման նախօրյակին, ապա ես կպատասխանեմ. իհարկե` ոչ:
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում, 2000-2006թթ.
18 սեպտեմբերի 2009թ.
No comments:
Post a Comment