«ԱԶԳ», 23-09-2009- 2009թ. ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրեցին առաջին համատեղ փաստաթուղթը, ինչը շատ մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանի եւ Թուրքիայի ներքաղաքական շրջանակներում: Իսկ օգոստոսի 31-ին Թուրքիայի, Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները հրապարակեցին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին 2 արձանագրություն եւ արեցին մեկ համատեղ հայտարարություն: NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կհանգեցնի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացմանը, ապա հավելեց, որ Անկարան, չմոռանալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին, ցանկանում է ե՛ւ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ե՛ւ բարելավել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես ապրիլի 22-ի փաստաթուղթը, այնպես էլ վերոնշյալ արձանագրությունները տվեցին մի շատ կարեւոր հարցի պատասխան. հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, եւ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները չի պայմանավորում ղարաբաղյան խնդրով: Այս կետը կարելի է աննախադեպ համարել, քանզի Թուրքիան միշտ հայտարարում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները ուղղակիորեն կապված են հայ-ադրբեջանական հարաբերություններին: Հայ-թուրքական առաջին համատեղ փաստաթղթից հետո, սակայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որ հայ-թուրքական հարաբերությունները ուղղակիորեն պայմանավորված են ղարաբաղյան խնդրով:
Հետաքրքրական է նաեւ, որ հայ-թուրքական նախնական շփումներում անմիջական մասնակցություն ունեցած արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին փոխարինում է վարչապետ Էրդողանի արտաքին գործերով խորհրդական Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս նույնպես մի քանի անգամ իր հայտարարություններում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պայմանավորեց ղարաբաղյան խնդրով:
Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել թուրք պաշտոնյաների նման դիրքորոշումը, ինչը հակասում է առկա փաստաթղթերին:
Բանն այն է, որ Հայաստանի հետ նախաստորագրելով նշված արձանագրություններըՙ Թուրքիան հայտնվել է բավականին ծանր խնդիրների առջեւ: Առաջին հերթին հենց Թուրքիայի ներսում մեծ դժգոհություն առաջացավ առ այն, որ վերջինս զոհաբերում է իր «կրտսեր եղբոր»` Ադրբեջանի շահերը, եւ ոչ ավել, ոչ պակաս դավաճանում նրան: Մյուս կողմիցՙ Ադրբեջանը, որը միշտ Թուրքիային դիտում էր որպես զանազան կառույցներում իր շահը ներկայացնողի, բողոքի ձայն բարձրացրեց: Բաքվից բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին դավաճանության համար: Կրքերը չհանդարտվեցին նույնիսկ Թուրքիայի վարչապետի` այս տարվա մայիսին Բաքու կատարած այցից հետո, երբ վերջինս փորձում էր հանգստացնել ադրբեջանցիներինՙ ասելով, որ Թուրքիան հետ չի կանգնի Ադրբեջանի առջեւ ստանձնած իր պարտավորություններից:
Այս ամենը հաշվի առնելով` որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները ուղղված են միայն երկրի ներսում եւ Ադրբեջանում տիրող դժգոհությունը մեղմելուն:
Մի հետաքրքրական համգամանք եւս: Բոլոր նման հայտարարությունները արվում են ոչ թե երկրի նախագահ Գյուլի կամ նախկին արտաքին գործերի նախարար Բաբաջանի կողմից, ովքեր անմիջականորեն մասնակցել են հայ-թուրքական բանակցություններին, այլ երկրի վարչապետի եւ նոր արտաքին գործերի նախարարի շուրթերով, որոնք հայ-թուրքական վերջին զարգացումներին տեսանելի մասնակցություն չեն ունեցել:
Այսպիսովՙ Թուրքիայի ներկայիս իշխանությունը կանգնած է բավականին դժվարին իրավիճակի առջեւ: Մի կողմից պետք է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Թուրքիան կարող է լինել կառուցողական եւ արժանահավատ գործընկեր, մյուս կողմից պետք է հանդարտեցնել կրքերը սեփական երկրում եւ չկորցնել ամենահավատարիմ դաշնակցին` Ադրբեջանին, որտեղ կրկին մեծ դժգոհություն է առաջացել հայ-թուրքական վերջին մերձեցման պատճառով: Եվ կարծես Թուրքիայի իշխանության վերին օղակներում աշխատանքի բաժանումը արդեն իսկ տեղի է ունեցել. նախագահ Գյուլը լծված է միջազգային հանրությանը գոհացնելու աշխատանքին, իսկ վարչապետ Էրդողանը եւ արտգործնախարար Դավութօղլուն` ներքին կրքերի եւ Ադրբեջանի հանդարտեցմանը:
Իրավիճակը նմանվում է «նյարդային պատերազմի», եւ ավելի քան էական է, որ Հայաստանի նյարդերը տեղի չտան:
ՌՈԲԵՐՏ ՂԱԶԻՆՅԱՆ
Wednesday, September 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment