Wednesday, September 30, 2009

«Հայրենասիրությունը թուրքերին ատելը չէ»

A1+ . 30-9-2009- Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, այսօր խորհրդի մոտ 100 անդամների անունից Սերժ Սարգսյանին հայտնեց, որ խորհուրդը գտնում է, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ստորագրել: «Մենք գումարել ենք բոլոր մինուսներն ու պլյուսները եւ ստացել ենք պլյուս»,- ասաց Վազգեն Մանուկյանը' հիմնավորելով թե ինչու պետք է կողմ քվեարկել փաստաթղթերին: Նա պնդում է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան: «Այն որ ստեղծվում է պատմաբանների ենթահանձնաժողով, դա ընկալվում է որպես կասկած ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնել: Թուրքիան այդ կետը դնելով' երբեւիցե չի մտածել, որ հայ ժողովուրդը կարող է հրաժարվել ցեղասպանությունից: Ինքը ուրիշ խնդիրներ է հետապնդել: Առաջինը' հնարավորություն ունենալ ուրիշ երկրներին ասել' սպասեք, մենք դա դեռ քննարկելու ենք, երկրորդ' մի քիչ խաղաղեցնել իր ժողովրդին եւ երրորդ' ինչ-որ չափով սեպ խրել ՀՀ-ի եւ սփյուռքի ժողովրդի մեջ»,- Թուրքիայի մոտեցումները փորձեց ներկայացնել Մանուկյանը: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա արձանագրություններում «Ղարաբաղ» բառի բացակայությունը Մանուկյանին թույլ է տալիս ասել, որ արձանագրություններում հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված չեն ԼՂ հիմնախնդրով. «Ասում են արձանագրություններում եթե գրված է «տարածքային ամբողջականություն» եւ գրված չէ «ազգերի ինքնորոշում», ապա դա կարող է ընկալվել, որ մենք գաղտնի կերպով համաձայնություններ ենք տվել ԼՂ հարցում: Ազգերի ինքնորոշման մասին այստեղ հնչեցնելը կնշանակեր, որ մենք ինքներս ենք ԼՂ հարցը մտցնում քննարկման: Դա նաեւ կնշանակեր, որ այս փաստաթուղթը չի ստորագրվելու, որովհետեւ դա Թուրքիայի համար կնշանակեր քրդական հարցի բարձրացում այս փաստաթղթում»: Վազգեն Մանուկյանը ոչ միայն մտահոգություններ չունի, այլեւ գտնում է, որ արձանագրությունների ստորագրումն այս տեսքով բխում ՀՀ-ի շահերից. «Ես գտնում եմ, որ հայրենասիրությունը թուրքերին ատելը չէ, այլ իր ժողովրդին սիրելը»: Արձանագրությունների ստորագրմանը խորհրդի անդամներից կտրականապես դեմ են 2-ը' ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը եւ ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը, որոնք այսօր ներկա չէին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Արձանագրությունների ստորագրմանը ձեռնպահ է քվեարկել միայն խորհրդի անդամ բնապահպան Կարինե Դանիելյանը, մնացածը միաձայն կողմ են արտահայտվել: Տիկին Դանիելյանը այսօր ափսոսանք հայտնեց, որ դեմ արտահայտվածները բացակայում են' նշելով, որ նրանք ավելի հստակ կներկայացնեն նաեւ իրենց մտահոգությունները: Հանրային խորհրդի անունից այսօր ելույթ ունեցան Խոսրով Հարությունյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովհաննես Միքայելյանը, Արտակ Շաքարյանը, Տեր Մարկոսը, որոնք բոլորն էլ ներկայացրին արձանագրության հետ կապված իրենց դրական ընկալումներն ու հեռանկարները:

No comments: