Wednesday, September 30, 2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է

«Լրագիր» 30-9-2009- Սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանը հայ-թուրքական քննարկումների շրջանակում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների, խորհրդի հանձնաժողովների անդամների հետ: Ընդհանուր առմամբ՝ մոտ հարյուր մարդ: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ ներկայացրել այն մտահոգությունները, որոնք ձեւավորվել են մինչ այդ հայ-թուրքական արձանագրությունների հարցը Հանրային խորհրդի հանձնաժողովներում քննարկվելուց հետ: Մտահոգությունները կապված են եղել տնտեսական եւ ժողովրդագրական էքսպանսիայի, ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելու, պատմաբանների հանձնաժողովում հարցը քննարկելով ճանաչման միջազգային գործընթացը կասեցնելու, Ղարաբաղի հարցը նախապայման դարձնելու հետ: Լսելով ելույթները, որոնք թեեւ մտահոգություններ արտահայտել են, սակայն առավելապես եղել են հայ-թուրքական առկա գործընթացին կողմ, Սերժ Սարգսյանը հետո անդրադարձել է այդ հարցադրումներին եւ պատասխանել դրանց: «Եթե որեւէ մեկին թվում է, որ այդ փաստաթղթում պետք է լինեն միայն մեր ցանկությունները, պետք է լինեն միայն ու միայն մեր իղձերի իրականացումները, ապա ճիշտն ասած, մի քիչ պետք է իրատես լինել, այդպես լինել չի կարող, որովհետեւ մենք ոչ թե մեր հարաբերությունները այսպես նորմալ կարգավորում ենք եւ գնում ենք բարեկամանալու Թուրքիայի հետ, այլ ընդամենը փորձում ենք ստեղծել շատ թե քիչ կայուն մի միջավայր, որում կարող է սկսվել աշխատանքը, որով կարող է սկսվել երկխոսությունը: Սա է մեր քայլերի նպատակը: Եվ եթե մեկն ասում է այս բառը այսպես չի գրված, այս միտքը կարող են թուրքերը մի այլ կերպ մեկնաբանել: Է, մենք էլ կարող ենք մի այլ կերպ մեկնաբանել: Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ ցույց տալ 4-5 կետից բաղկացած միջազգային պայմանագիր, որը չի կարելի տարբեր ձեւերով մեկնաբանել: Սա է: Եվ դա արվում է ոչ թե դիտավորությամբ, այլ ընդհանրապես, ցանկացած, նույնիսկ գեղարվեստական ստեղծագործություն, այստեղ նստած հարյուր մարդկանցից կարող են 80-ը այլ կերպ ընկալել: Որովհետեւ այդպես է: Մենք բոլորս ինկուբատորից չենք դուրս եկել, բոլորս ունենք մեր մտածելակերպը, մեր աշխարհընկալումը, եվ սա է, որ մենք բոլորս պետք է ընկալենք եւ հասկանանք», հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, այդ քայլով փորձում են ասել, թե այդպես ապրելն այլեւս ճիշտ չէ եւ մենք պետք է Թուրքիայի հետ ունենանք բնականոն հարաբերություն: «Բնականոն հարաբերություն ունենալու համար մենք պետք է սկսենք խոսել: Իմ ասածը սա է: Եթե որեւէ մեկը խոսելուն դեմ է, ես միայն ու միայն հարգանքով կվերաբերվեմ այդ մարդուն, եթե նա 5 տարի առաջ էլ էր դեմ, 10 տարի առաջ էլ էր դեմ, 15 տարի առաջ էլ էր դեմ: Բայց երբ որ տեսնում ես, որ խոսողներից շատերի նպատակը, շատ ներողություն բառիս համար՝ խոսողների նպատակը միավոր հավաքելն է, ինչ որ հույզերի վրա, սա արդեն դատապարտելի է», ասում է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասում է, թե չի հասկանում նաեւ տնտեսական եւ ժողովրդագրական էքսպանսիա ասածը: Նրա խոսքով, գործարարների հետ իր պրակտիկ շփումը վկայում է, որ գործարարներn ավելի բարձր են գնահատում Հայաստանի համար տնտեսական շահավետությունը սահմանի բացումից, քան Թուրքիայի: «Հետո, այս բոլոր հարցերը կարգավորվում են, կարգավորվում են օրենքով», նկատում է Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է ժողովրդագրական խնդրին, ապա Սերժ Սարգսյանը համարում է, որ այդ խնդրի մասին մտածելով պետք է ոչ թե ձեռնպահ մնալ Թուրքիայի հետ հարաբերությունից եւ բաց սահմանից, այլ անել այնպես, կառուցել արդար պետություն, որպեսզի մեր երկրում «եթե չլինի էլ ժողովրդագրական բում, ապա առնվազն լինի դրա ցանկությունը»: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունը կառուցվում է առանց նախապայմանի: «Հրապարակված փաստաթղթերում որտեղ եք տեսել նախապայմաններ: Եթե այդպես լիներ, փաստաթղթում գրված կլիներ, որ նախապայմաններով են այդ փաստաթուղթը ստորագրում: Այո, փաստաթղթում տեղ են գտել որոշակի նաեւ դրույթներ, որը կոմպրոմիսի արդյունք են: Բա մեր համար լավ բաներ չկա՞ այդ փաստաթղթում: Կարծիքներ են հնչում, որ այ եթե փաստաթղթում այս երկու կետն այսպես ձեւակերպվեր, մենք հարց չէինք ունենա: Նախ հավատացնում եմ բոլորին, որ հարցեր էլի կլինեին, նույնիսկ եթե, նորից եմ ասում, այդ փաստաթղթերը նման լինեին Թուրքիայի կապիտուլյացիայի մասին պայմանագրերի, էլի հարցեր կլինեին, հարյուր տոկոսով հարցեր կլինեին: Եվ երկրորդ՝ իհարկե, ես չեմ բացառում, որ հնարավոր էր առավելագույնը պոկել: Ես չեմ բացառում, որ ապագայում հնարավոր է շատ ավելի լավ փաստաթուղթ ունենալ: Ես ուղղակի մի բանում եմ համոզված, որ մենք կարողացանք բանակցությունների ընթացքում ստանալ ահա այսպիսի փաստաթուղթ: Սա մեր հնարավորությունների առավելագույնն էր այս փուլում», հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա հավաստիացրել է նաեւ, թե Հայաստանը չի դադարեցնելու հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հետամուտ լինելը: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը չի բացառել, որ հայ-թուրքական հարաբերության գործընթացը կդանդաղեցնի միջազգային ճանաչումը: Բայց դրա համար, ըստ Սերժ Սարգսյանի, մեղավորը ոչ թե Հայաստանն է լինելու իր նախաձեռնությամբ, այլ այն մարդիկ, որոնք լինելով հումանիստ, ընդունելով, որ եղել է ցեղասպանություն, այդուհանդերձ հայ-թուրքական հարաբերության գործընթացը կդարձնեն ցեղասպանությունը չճանաչելու ցանկության արդարացման առիթ: Սերժ Սարգսյանն այդուհանդերձ համարում է, որ նախաձեռնելով գործընթացը, մեծ խթան են առաջացրել Թուրքիայի ներսում այդ հարցի հանդեպ ուշադրությունը բարձրացնելու համար: «Մեզ համար որն է կարեւոր, որ որեւէ այլ երկիր ճանաչի՞, թե Թուրքիայի ներսում շատ լուրջ պրոցեսներ սկսեն», ցեղասպանության վերաբերյալ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը քաջ գիտակցում է, որ հայ-թուրքական խնդիրները լուծելու համար գին է պահանջվում, եւ ինքը պատրաստ է տալ այդ գինը, ասում է Սերժ Սարգսյանը, նշելով, թե արդյունքը ցույց կտա, որ Հայաստանի ձեռքբերածն է ավելի շատ, քան կորցրածը: Սերժ Սարգսյանի ելույթից հետո Վազգեն Մանուկյանը նրան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, հաջողություն մաղթել համահայկական շրջագայության գործում, եւ նաեւ ափսոսացել, որ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամ չէ, քանի որ այդպես հանգամանորեն կարողացավ ներկայացնել հարցն ու տալ սպառիչ պատասխաններ:

No comments: