Saturday, September 19, 2009

Տարածաշրջանի երկրների նմանություններն ու տարբերությունները. հայացք Թուրքիայից

HayInfo-18-9-2009- Հայաստան–Թուրքիա–Ադրբեջան եռանկյունում ընդգրկված երկրների ներկա վիճակը որոշակի առումով նման է։ Tert.am–ի թղթակիցը Ստամբուլում զրուցեց Թուրքիայում գործող ոչ կառավարական կազմակերպություններից մեկի ներկայացուցչի հետ, ով զբաղվում է հայ–թուրքական և թուրք–հունական հարաբերությունների խնդիրներով։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Ինչպես նշեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, Թուրքիայում և Հայաստանում իրավիճակն ավելի նման է։ «Թեև ժողովրդավարության մակարդակի առումով այս երկու երկրները խնդիրներ ունեն, սակայն իրավիճակը չի կարելի համեմատել Ադրբեջանի հետ։ Եթե մեր երկու երկրներում լինում են ճնշումներ, առկա է քաղաքական հայացքների համար բանտարկված մարդկանց խնդիրը, ինչն անընդունելի է, ապա Ադրբեջանում իրավիճակը վատթար է», – ասաց նա։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանում բռնապետություն է, և մարդու իրավունքների ոտնահարման ու ճնշումների դեպքերը շատ ավելի հաճախակի են, պարզապես չեն բարձրաձայնվում մամուլի կողմից։ «Հայաստանում կա ընդդիմություն, որն ակտիվ է, կա քաղաքական ակտիվություն, ինչով Ձեզ երկիրը լավ առումով տարբերվում է հարևան երկրից», – նշեց նա։ Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների ենթատեքստում դիտվող Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ Թուրքիայում վերջապես սկսել են հասկանալ, որ այդ հարցը դժվար է կապել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին։ Լեռնային Ղարաբաղի հարցն ակտիվ օգտագործվում է թուրքական ընդդիմության կողմից, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի բազմաթիվ խնդիրները, երկրին ամեն գնով պետք է լուծել յուրաքանչյուր խնդրահարույց հարց։

No comments: