ԵԽԽՎ-ն Հայաստանի հարցին կանդրադառնա միայն հաջորդ տարվա կեսերին
«ԱԶԳ», 30-09-2009- Պատահականությունները չբացահայտված օրինաչափություններն են կամ այն իրադարձությունները, որոնց առնչությամբ դեռեւս հստակ չեն պատճառները: Ամեն դեպքում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգի հրատապ հարցերի շարքից Հայաստանի հարցի դուրսբերումը հենց այն պահին, երբ նախաստորագրված արձանագրությունները պատրաստ էին նախարարների հանդիպմանը նախաստորագրվելու, թերեւս հենց հայ-թուրքական հարցի կարգավորմանն այսկերպ օժանդակելու մոտեցում է Եվրոպայի խորհրդի կողմից:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքերով, Հայաստանի հարցը չպետք է ընդգրկվեր աշնանային նիստի օրակարգում: «Երբեւէ նման հարց չի էլ եղել, եւ ի սկզբանե մեր հայտարարությունն էլ եղել է այն հունով, որ Հայաստանի հարց չի քննարկվի այս նստաշրջանում, եթե որեւէ արտառոց իրադարձություն տեղի չունենա», «Ազգին» տված հարցազրույցում երեկ նշեց Դավիթ Հարությունյանը:
Սեպտեմբերի սկզբին Փարիզում տեղի ունեցավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում կար Հայաստանի հարցը: Հարությունյանի ներկայացմամբ, «Օրակարգն ավարտին չհասցվեց, հաշվի առնելով ժամանակի սղությունը, որովհետեւ բազմաթիվ այլ` ավելի հրատապ հարցեր խլեցին ժամանակի զգալի մասը: Հայաստանի հարցը կքննարկվի չորեքշաբթի մոնիտորիգի հանձնաժողովի կայանալիք նիստում: Մոնիտորինգի հանձնաժողովում հրատապ էին հատկապես երկու հարց. Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ պատերազմի հետեւանքների եւ ռուսական պատվիրակության լիազորությունների վերահաստատման հարցերի առնչությամբ»:
Հարցին, թե արդյոք Հայաստանի հարցն օրակարգում, նաեւ մոնիտորինգի հանձնաժողովի նիստերում չքննարկելու մեջ չկա՞ նաեւ հայ-թուրքական ներկա զարգացումներին չխանգարելու պահը, Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ մեկը մյուսի հետ կապված հարցեր չեն: «Ես հունիսյան նստաշրջանից հետո հայտարարել էի, որ Հայաստանի հարցը կքննարկվի 2010 թվականի կեսերին, մեկ տարի հետո, սովորական մոնիտորինգի շրջանակներում եւ այս պահին որեւէ հիմք չկա պնդելու հակառակը»:
Հայաստանի հարցը չքննարկելն արդյոք կնշանակի՞ Հայաստանի կողմից ԵԽԽվ բանաձեւերով նշված պահանջների կատարման հետաձգում, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ հունիսյան նստաշրջանի որոշմամբ Հայաստանը գտնվում է սովորական մոնիտորինգի ռեժիմի տակ, ինչը ենթադրում է իր տրամաբանությունն ու պարբերականությունը:
ԵԽԽվ վերջին բանաձեւում մեծ նշանակություն էր տրվում, թե ինչ կասի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը: Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե ժամանակավոր հանձնաժողովը արդյունք գրեթե չի գրանցել:
«Ժամանակավոր հանձնաժողովը շատ կարեւոր արդյունքներ գրանցեց, որոնք պահանջում են քայլերի ձեռնարկում Հայաստանի իշխանությունների կողմից, եւ այդ քայլերը պետք է գտնվեն առաջին հերթին Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում: ժամանակավոր հանձնաժողովը հարց փակելու ձեւ չէ, այլՙ հարցերը վեր հանելու եւ դրանք շտկելու», նշեց Դավիթ Հարությունյանը:
Այսօր մոնիտորինգի հանձնաժողովը կքննարկի Հայաստանի հարցը եւ դրանում, ըստ Հարությունյանի, կներկայացվի, թե «ինչ ընթացք է եղել այս ժամանակահատվածում` սկսած համաներման հարցերից, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, վերջացրած ժամանակավոր հանձնաժողովի զեկույցով եւ կարեւորագույն եզրահանգումներով»:
Մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց առնչությամբ ասելիքն էլ, ըստ Հարությունյանի, պետք է լինի այն, ինչ արդեն ասել է ԱԺ մարտի 1-2-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը: «Ժամանակավոր հանձնաժողովը նախաքննության մարմին չէ եւ չի կարող բացահայտել հանցագործությունները, բայց նրա ուշադրության կենտրոնում են գտնվել, թե ինչ գործողություններ է կատարել դատախազությունը, արդյոք այդ գործողությունները եղե՞լ են օպերատիվ, բավարար եւ այլն: Հանձնաժողովը հարցեր է բարձրացրել որոշակի լրացուցիչ փորձաքննություններ անցկացնելու համար, որոնք ժամանակին չեն արվել», պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ արդեն իսկ նշել է, որ հարցերը մեծապես գտնվում են քրեական հետախուզության տիրույթում, որտեղ, Հարությունյանի կարծիքով, կան որոշակի բացթողումներ: «Հաշվի առնելով, որ նախաքննության մարմինը կատարել է իրենից կախված ամեն ինչ, կարծում եմ, որ քրեական հետախուզության գործունեության արդյունավետության հետ կապված մենք դեռեւս ունենք հարցեր»:
Թուրքիայում փոքրամասնությունների հարցի` ԵԽԽՎ օրակարգի նախագծում ընդգրկելուց հետո հանվելու առնչությամբ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ներկա պահին որեւէ տեղեկություն չի կարող տալ, ավելացնելով, որ նախ հարց է, թե երբ է պատրաստ լինում զեկույցը, բացի այդ, լինում են ավելի հրատապ հարցեր, որոնք պահանջում են վեհաժողովի ուշադրությունը, ուստի որոշ հարցեր տեղափոխվում են կամ հետաձգվում, բայց դրանք կքննարկվեն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
No comments:
Post a Comment