Ասում են Հանրային խորհրդում
«ԱԶԳ», 30-09-2009- Հանրային խորհրդի հանձնաժողովներում հայ-թուրքական արձանագրությունները մանրամասն քննարկելուց հետո ստեղծվել է աշխատանքային խումբ` Վազգեն Մանուկյան, Արմեն Տեր-Խաչատրյան, Խոսրով Հարությունյան, Ռուբեն Սաֆրաստյան, Հայկ Դեմոյան, Վլադիմիր Մովսիսյան, ովքեր ի մի են բերել առաջարկները եւ երեկ ՀԽ նիստում քննարկումներում առաջացած առաջարկների փաթեթը ներկայացրին հանրության լրագրողական հատվածին:
Այսօր ժամը 11-ին Հանրային խորհուրդն ընդլայնված կազմով հանդիպելու է երկրի նախագահին` ներկայացնելու եզրակացությունները եւ մտահոգությունները փաստաթղթի վավերացման հետ կապված: Իսկ ընդհանրապես` խորհուրդը կողմ արտահայտվեց արձանագրությունների վավերացմանը, չնայած, ըստ տեղեկությունների, հանձնաժողովներում քննարկումները բավական տաք են անցել: Համենայն դեպս աշխատանքային խումբը ներկայացրեց համաձայնեցված մի նախագիծ` զույգ արձանագրությունների փոփոխությունների առաջարկներով եւ խորհրդի հանձնաժողովներում հնչած մտահոգություններով. «Ամփոփելով լսումների եւ քննարկումների արդյունքները, Հանրային խորհուրդն արձանագրում է, որ դրանց մասնակիցներից գրեթե բոլորը կողմ են արտահայտվում Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները բացելուն, դիվանագիտական հարաբերւթյուններ հաստատելուն եւ երկկողմ հարաբերություններ զարգացնելուն» , նշված է ՀԽ եզրակացություն-փաստաթղթում:
Նշված է նաեւ, որ հայ թուրքական սահմանի բացումը Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումն է, որի նշանակությունն ավելին է, քան երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումը, եւ որ սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանը դուրս կբերեն տարածաշրջանում քաղաքական, տնտեսական եւ կոմունիկացիոն մեկուսացումից (այս` «մեկուսացում» բառըՙ խորհրդի անդամներից Վազգեն Սաֆարյանի կարծիքով, նվաստացնող է եւ պետք է փոխարինել մի այլ բառով), որը կնպաստի Հայաստանի անվտանգությանը, տնտեսական զարգացմանը եւ առաջխաղացմանը, հնարավորություն կընձեռի անմիջականորեն կապվելու Արեւմտյան Հայաստանի պատմական տարածքներին, դրանցում առկա գույքի, մեր ժողովրդի մշակութային ժառանգության արժեքներին, նպաստավոր պայմաններ կստեղծի դրանց պահպանության, վերականգնման, ինչպես նաեւ դրանց նկատմամբ միջազգային իրավունքով պայմանավորված իրավունքների ճանաչման համար: Ինչպես տեսնում եք` այն բանում, որտեղ ՀՅԴ-ն վտանգ է տեսնում, Հանրային խորհրդում ճիշտ հակառակն են տեսել:
Բայց եւ` հանձնաժողովներում հնչած մտահոգություններն առկա են ՀԽ առաջարկներում. արձանագրությունների վավերացումը բացասաբար կանդրադառնա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացների վրա, քանի որ պատմական հարցերին նվիրված ենթահանձանաժողովի ստեղծմամբ երկու ժողովուրդների պատմական անցյալի վերաբերող իրադարձությունների քննարկումը կարող է ընկալվել որպես Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հանգամանք: «Օսմանյան Թուրքիայում» բառերն այստեղ, օրինակ, դուր չեկավ խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանին , որը նկատեց, որ դրա փոխարեն Պատմական Հայաստան կամ մեկ այլ բառ պետք է գրել, քանի որ կարող է թվալ, թե հայերը գնացել են Օսմանյան Թուրքիա` արտագնա աշխատանքի, եւ այստեղ ցեղասպանվել են: Բայց եւ մտահոգությունների գրավոր տարբերակում ՀԽ-ն հույս ուներ, որ այդ հարցի քննարկումը (առանց կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության հարցը) կարող է լրացուցիչ լիցք տալ միջազգային կարծիքին եւ նպաստել, որ թուրք ժողովուրդն ինքը ճանաչի ցեղասպանությունը:
Մտահոգությունների մեջ է նաեւ մտավախությունը, որ սահմանի բացումը լուրջ խնդիրներ կարող է հարուցել միգրացիայի, տնտեսական էքսպանսիայի, անշարժ գույքի անվերահսկելի գնման, օրենսդրության անկատարության առումով: Եվ անգամ հանձնաժողովներում մտահոգություն է հնչել, որ արձանագրությունների վավերացումը կարող է վտանգել ԼՂ հարցում հայանպաստ լուծման հնարավորությունները:
Չնայած առաջարկներում նշվում է, եւ Վազգեն Մանուկյանն էլ իր խոսքում ասաց, թե արձանագրությունների ձեւակերպումներից շատերն այնպիսին են, որ յուրաքանչյուր կողմ կարող է իր շահերից ելնելով մեկնաբանել դրանք, բայց եւ որեւէ ձեւավորված փաստաթուղթ մեկ կողմի շահ չի արտացոլում, երկու կողմի շահերի համադրության արդյունքն են եւ փոխզիջումային բնույթ են կրում, այնուամենայնիվ ՀԽ-ն, հարգանքով վերաբերվելով արձանագրությունները փոխելու բոլոր առաջարկներին, նշում է, թե փոփոխություն կատարելՙ կնշանակի անորոշ ժամանակով հետաձգել սահմանի եւ ճանապարհների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Դրական է համարվում, որ Թուրքիան սահմանի բացումը եւ դիվհարաբերությունների հաստատումը կարծր եւ բացահայտ չի պայմանավորվում Ղարաբաղի հարցի կարգավորմամբ եւ Հայոց ցեղասպանության հարցով, որոնք նախկինում ներկայացվում էին նախապայմաններ (Էրդողանի հայտարարությունները հաշիվ չե՞ն-Մ.Խ.):
Մի խոսքով` Հանրային խորհուրդը գտնում է, որ սխալ կլինի չօգտվել բարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունից, երբ տարբեր պետությունների շահերը համընկնում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում, բայց եւ իր առաջարկություններն ու մտահոգություններն է առաջարկում` ավելի օգտակար դարձնելու այդ փաստաթղթերը մեր պետության համար, իսկ փաստացի գործող սահմանները եւ դրանց հաստատման կամ ճշգրտման հետ կապված միջազգային կամ երկկողմ պայմանագրերի հարցը պահանջում է միջազգային իրավունքների մասնագետների պարզաբանում` Կարսի պայմանագիրն է գործում, թե մի այլ պայմանագիր. այս մտահոգություններից խոսեցին Ռուբեն Սաֆրաստյանն ու Հայկ Դեմոյանը , ըստ որոնց սահմանների վիճարկման հնարավորություն` ճանաչելուց հետո միշտ էլ կա միջազգային օրենսդրությամբ: Խորհրդի անդամ Ելենա Վարդանյանն էր տարածքային ամբողջականության դրույթով անընդհատ անհանգստանում` թե լավ, երկու ՄԱԿ-ի անդամ պետություն, երբ ՄԱԿ մտնելիս մի անգամ բոլոր այդ սկզբունքներն ընդունել են, էլ ինչ հարկ կա նորից երկկողմ պայմանագրում գրելու տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Իսկ ընդհանրապես, ըստ ՀԽ-ի եւ նրա նախագահ Վազգեն Մանուկյանի , արձանագրությունների վավերացումով Հայաստանն ու հայությունը մտնում են նոր հնարավորությունների եւ նոր մարտահրավերների ժամանակաշրջան` ավելի բարձր մակարդակի միասնություն պահանջող:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
No comments:
Post a Comment