Wednesday, September 23, 2009

Վարդան Օսկանյանը խղճում է նրան, ով կստորագրի արձանագրությունները

News.am.22-9-2009- Հայաստանի նախկին արտգոծնախարար Վարդան Օսկանյանը երբեմն նախանձի զգացողություն է ունենում, բայց ոչ հայկական դիվանագիտության համար, այլ թուրքական դիվանագիտության համար: «Ես երբեք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել սեղանին: Ես այն չէի ստորագրի եւ ես չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով պետք է ստորագրի այն»,- սեպտեմբերի 22-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկմանը հայտարարել է Օսկանյանը: Նախկին արտգործնախարարը, անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, ասել է. «Այս արձանագրությունները կարդալով՝ գալիս ես հետեւյալ եզրակացության. որ այս փաստաթուղթը կամ գրվել է ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից, հավանաբար թուրքերի մասնակցությամբ, եւ պարտադրվել հայկական կողմին, կամ հայկական կողմն իրոք բանակցել է այս փաստաթղթի շուրջ, բայց ինքն իրեն խորապես համոզած եւ ներշնչած լինելով, որ Հայաստանի հետագա զարգացումը եւ գոյությունը էապես կախված է միայն հայ-թուրքական սահմանի բացումից»: Ըստ Օսկանյանի՝ չի նշանակում, թե Թուրքիայի հետ արձանագրություններ չպետք է ստորագրվեն: «Իհարկե պետք է ստորագրվեն: Անգամ այս երկու արձանագրությունները, իրենց մեծ ու փոքր, անընդունելի, վիճահարույց եւ կասկածելի պայմաններով կարող էին ընդունելի լինել, եթե գոնե մի նախադասություն ջնջվեր եւ մի քանի բառեր փոխվեին: Բայց նրանք չեն կարող ստորագրվել այնպես, ինչպես ձեւակերպված են»,- նկատել է Օսկանյանը եւ հարցրել. «Արդյո՞ք Թուրքիայի հետ սահմանի բացումը արժե այն գինը, որ մենք վճարելու ենք»: Նախկին արտգործնախարարը նաեւ հիշեցրել է, որ այսօր աշխարհում 190-ից ավելի երկիր կա եւ գրեթե նույնքան տարածքային վեճեր կան նրանց մեջ: «Այդ վեճերի մեկ չորրորդը Եվրոպայում է: Նրանք դեսպանատներ ունեն, իրար հետ առեւտուր են անում, բարեկամական հարաբերություններ ունեն, բայց նրանց դիվանագետները շարունակում են բանակցել եւ վիճել, իրար հարգելով` պատմության եւ տարածքների իրենց տարբերվող մեկնաբանությունների շուրջ: Այդ երկրներն արձանագրություններ են ստորագրել եւ դիվանագիտական հարաբերություններ ունեն»,- նշել է Օսկանյանը՝ հիշեցնելով Վրաստանի դեպքը. «Մեր տարածաշրջանում անգամ մեր բարեկամական, եղբայրական Վրաստանի հետ, մենք չենք ճանաչել „գոյություն ունեցող ընդհանուր սահմանը“: Նոր- նոր երկու երկրների միջեւ դեմարկացիա է իրականացվում: Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես իրենց փոխադարձ սահմանները չեն ճանաչել եւ այս դեպքում դեմարկացիան նույնիսկ չի էլ սկսվել: Բայց դիվանագիտական հարաբերություններ ունեն իրար հետ»: Օսկանյանին միայն զարմացնում է այն, որ Հայաստանի ղեկավարությունը կամ չի տեսնում այս իրողությունները, կամ չի ուզում տեսնել, կամ ուզում է հավատալ, որ դրանք ուրիշ բան են նշանակում, քան կան: «Տասնհինգ տարի շարունակ Թուրքիան պահել է շրջափակումը, հուսալով, որ Հայաստանը կջլատվի տնտեսապես ու քաղաքականապես: Դա տեղի չունեցավ եւ չի էլ ունենալու: Այսօր նրանց է պետք դուրս գալ քաղաքական այն նեղ վիճակից, որ իրենք են իրենց դրել: Նրանք ունեն այդ բաց սահմանի կարիքը, եւ նրանք կարծես գտել են այդ անելու ձեւը՝ մեր հաշվին: Այսօր նրանց է պետք սահմանի բացումը: Նրանք են, որ գտնվում են այդ հզոր եվրոպական ճնշման տակ, անդամակցության ժամանակացույցի պատճառով: Այսօր նրանց է պետք սահմանի բացումը, որովհետեւ նրանք են, որ տնտեսական խնդիրներ ունեն իրենց արեւելյան սահմանին, որոնք լուծման կարիք ունեն: Այսօր նրանց է պետք սահմանի բացումը: Նրանք են, որ մեծ վախ ունեն ցեղասպանության ճանաչման գործընթացից, որ շարժվում է առաջ եւ հանգել է մեծ ճնշման ԱՄՆ-ի կողմից: Եւ վերջապես նրանց է պետք սահմանի բացումը, որպեսզի ամրագրեն իրենց առաջատար դերը մեր տարածաշրջանում»,- նշել է Վարդան Օսկանյանը եւ հավելել. «Փոխարենը մեր իշխանություններն են զիջումներ անում, հապճեպորեն ցանկանալով արագացնել գործընթացը: Եթե իշխանություններն այնքան հեռատես չեն եղել սկզբում, որպեսզի չգտնվեն այս կացության մեջ, հիմա գոնե պիտի ձեւ գտնեն իրադրությունը շտկելու համար»: Օսկանյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է շարժվի դեպի նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ: «Բայց այս փաստաթուղթը այս ձեւակերպումներով չպետք է ստորագրվի: Ոչ ոք իրավունք չունի ստորագրել այս փաստաթուղթը նման ձեւակերպումներով»,- նշել է նա եւ հայտնել իր նախանձը. «Այնուամենայնիվ, ուզում եմ խոստովանել: Երբեմն իսկապես նախանձի զգացողություն եմ ունենում: Բայց թուրքական դիվանագիտության համար: Ես երբեք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել սեղանին: Ես այն չէի ստորագրի եւ ես չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով պետք է ստորագրի այն»:

No comments: