Saturday, September 12, 2009

Թուրքահայերի բաց նամակը Թուրքիայի վարչապետին

News.am- 11-9-2009- Թուրքիայի հայերը բաց նամակ են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս նամակի մանրամասները ներկայացնում է թուրքական Hurriyet թերթը։ Ներկայացնում ենք նամակի մանրամասները: «Վերջին ժամանակներում Ձեր կողմից օրակարգ բերած ժողովրդավարական նախաձեռնությունը մենք աջակցում ենք։ Այն երկրում որտեղ խոսում են 36 լեզվով, հնարավոր է լինեն ժամանակակից սահմանադրություն, ժամանակակից օրենքներ եւ ժամանակակից ժողովրդավարություն։ Ժողովրդավարացման նախաձեռնության շրջանակներում Բույուքադա կղզում անցկացված համաժողովը եւ Ձեր կողմից ազգային փոքրամասնությունների հարցերը օրակարգ մտցնելը մեզ շատ ուրախացրեց: Ոչ մահմեդական փոքրամասնությունների համայնքի եւ պատրիարքարանի իրավական ինքնության ճանաչման հարցում մի շարք խնդիրներ կան, որոնք առաջացել են ժամանակի ընթացքում։ Սպասում ենք, որ կլուծվի համայնքի ձեռքից վերցրած սեփականության հետ վերադարձի կամ այլ կերպ փոխհատուցման, ուսուցիչների եւ հոգեւոր գործիչների կրթության ապահովման, մեր դպրոցներում աշակերտների ընդունումը դպրոցի ղեկավարության որոշմանը թողնելու հետ կապված խնդիրները։ Ինչպես նաեւ հուսով ենք, որ դասագրքերում եւ պետական կայքէջերում փոքրամասնության հանդեպ քեն եւ ատելություն սերմանող բաժինները կհանվեն եւ նման խնդիրները լուծում կստանան։ Ժողովրդավարացման նախաձեռնությանը սպասելիս ականատես եղանք, որ հայ երգիչ եւ երաժիշտ Արամ Տիգրանին թույլ չտվեցին թաղվել Դիարբեքիրում՝ նրա՝ Թուրքիայի քաղաքացիություն չունենալու պատճառով։ Թույլ չտալու որոշումը վիրավորեց հասարակությանը եւ մեզ՝ հայերիս։ Մի մարդու չցանկանալու պատճառով, այս կամ այն պատճառով իր հողից, իր պապերի գերեզմաններից ստիպված հեռացած եւ իր ծննդավայրում չթաղվելու վիշտը հասկանում եք։ Անընդունելի է չթաղել մարդուն իր ուզած եւ ընտրած վայրում։ Սրանից հետո այսպիսի վիշտ չապրելու եւ այս հողերում ծնվածներին այս հողերում մահանալու եւ թաղվելու իրավունքը թող ճանաչվի եւ դրա համար մենք ներքոհիշյալ ստորագրյալներս, որպես Թուրքիայի հայեր Ձեզ այս նամակն ենք գրել»,- գրված է նամակում։ Նամակի տակ ստորագրել են ինչպես հայեր, այնպես էլ նրանց թուրք համախոհներ՝ Մուրադ Բիբերօղլու, Ռագըփ Զարաքոլու, Նադիա Ույգուն, Այշե Գյունայսու, Ռուսթեմ Այրալ, Սանիյե Յեշիլբաշ, Արեթ Չիչեքեքեր, Սաիթ Չեթինօղլու, Հերման Իշչի, Մեհմեդ Իսիմբեյ, Նազարեթ Դավիթյան, Ապո Թորոսյան, Նուրհան Բեջիդյան, Րաֆֆի Պետրոսյան, Արամ Արքուն, Վաղարշակ Սիմքեշյան, Ավետիս Անդոնօղլու, Սեւան Աթաօղլու, Նուրհան Դավության, Կարապետ Չեքեմ, Հալիլ Բերքթայ, Պերճ Զորյան, Սելայ Էրթեմ, Հարութ Օզեր, Այշե Հյուր, Պետրոս Ջոնքար, Վահան Ալթըփարմակ, Ահրոն Մուրադ Սուսլու, Հայկ Միսակյան, Հայկ Դանաջյան, Օհաննես Չոնքար, Ալիս Քարաքաշ, Միքայել Օզչիլինգարյան եւ այլն:

No comments: