Thursday, September 24, 2009

Գիտնականներն էլ քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունները

Tert.am- 23-9-2009- Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հասարակական քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողով, որի հրավիրյալն էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ հարյուր հիսուն գիտնական՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ։ ԳԱԱ ընդհանուր ժողովին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես եկավ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Ելույթներով հանդես եկան և արտգործնախարարին հարցադրումներ ուղղեցին ակադեմիկոսներ Գեւորգ Բրուտյանն ու Վիլեն Հակոբյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը և Ալեքսանդր Մանասյանը։ Ժողովին ելույթ ունեցավ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը։ Հանդիպման վերջում Հայաստանի արտգործնախարարը մանրամասն անդրադարձավ ելույթներում հնչեցված հարցադրումներին։ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել և վարվել է առանց նախապայմանների և հենց այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում։ Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման սկզբունքից որևէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը։

No comments: