Tuesday, October 27, 2009

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, բնակչության բարեկեցության մակարդակով Հայաստանը 84-րդն է 182 երկրների շարքում

«Ազատություն» 27-10-2009- Հայաստանի համար սահմանված Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) 0.798 է: Բնակչության բարեկեցության մակարդակն արտահայտող այս ցուցանիշով Հայաստանը 84-րդն է աշխարհի 182 երկրների շարքում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: Հայաստանի Մարդկային զարգացման համաթիվը աճել է նախորդ ցուցանիշի համեմատությամբ: Այժմ Հայաստանն առաջին տեղում է «Միջին մարդկային զարգացում» ունեցող երկրների շարքում, նրան հաջորդում են Ուկրաինան եւ Ադրբեջանը: Իրանը եւ Վրաստանը համապատասխանաբար զբաղեցնում են 88-րդ եւ 89-րդ տեղերը, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան` համապատասխանաբար 71-րդ եւ 79-րդ տեղերը: ՄԶՀ ամենաբարձր ցուցանիշներով երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան եւ Իսլանդիան: Ամենացածր ցուցանիշներով ցուցակը եզրափակում են Նիգերիան, Աֆղանստանը եւ Սիերա Լեոնեն: «Միգրանտների 75 տոկոսը ընտրում է այնպիսի երկիր, որտեղ ՄԶՀ-ն ավելի բարձր է, քան իր սեփական երկրում», - փաստում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Մարդկային զարգացման 2009-ի զեկույցը, որը վերնագրված է «Հաղթահարելով խոչընդոտները. մարդկային շարժ եւ զարգացում», այն նվիրված է մարդկանց տեղաշարժերին եւ միգրացիոն հիմնախնդիրներին: «Մարդկանց տեղաշարժերի մասշտաբներն այսօր այնքան են աճել, որ լուծումներ են պահանջվում ոչ թե լոկալ կամ տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ մասշտաբով ու մակարդակով», - իր ելույթում նշեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: «Հայաստանին բնորոշ են արտաքին միգրացիոն հոսքերը, հատկապես էմիգրացիոն հոսքերը», - նշեց Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ում փոխանցմամբ, նախորդ 20 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 1 միլիոն մարդ, նրանց մեծ մասը` Ռուսաստան, 9 տոկոսը` ԱՊՀ այլ երկրներ, 15 տոկոսը` Եվրոպա եւ 10 տոկոսը` ԱՄՆ: Զեկույցը փաստում է, որ Հայաստանում միգրացիայի հիմնական դրդապատճառը տնտեսականն է: «Յուրաքանչյուր 3 էմիգրանտից 2-ը որպես Հայաստանից մեկնելու դրդապատճառ նշում է աշխատանքի, աշխատատեղերի բացակայությունը», - ասաց Իրինա Դավթյանը:

No comments: