Tuesday, October 27, 2009

Ադրբեջանցի պատգամավոր. Եթե Հայաստանը շարունակի նույն ոգով, ապա չեմ կարծում, թե սկսված գործընթացները հաջող ավարտ կունենան

News.am. 27-10-2009- «Մոսկվայում Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի բոլոր հայտարարությունները ես կանվանեի ինքնահանգստացնող: Այսինքն դրանցով նրանք հանգստացնում են սեփական քաղաքացիներին ու ողջ հայությանը, որ իրենք ոչ միայն չեն նահանջում իրենց նախկին դիքորոշումներից, այլեւ խստացնում են դրանք»,- նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հասիմ Մոլլազադեն՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հայկական կողմը մտադիր է ամրապնդել հայերի դիրքերը ԼՂ-ում: Մոլլազադեի խոսքով, հայկական կողմի այդ գործողություններն, ի վերջո, կհանգեցնեն նրան, որ կձախողվեն հայ-թուրքական հաշտեցումն ու ԼՂ բանակցությունները: «Հիմա իրավիճակի հետագա զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Հայաստանի վրա: Այնպես որ եթե նա շարունակի հանդես գալ այդ ոգով, չեմ կարծում, որ այս բոլոր սկսված գործընթացները հաջող ավարտ կունենան»,- ասել է Մոլլազադեն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Հեուստամարաթոն-2009»-ի շրջանակներում Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական երեկո, որին մասնակցել են Ռուսաստանում ապրող 80 հայ գործարարներ: Այստեղ Սերժ Սարգսյանը ներկաներին դիմելով ասել է. «Աշխարհում, քիչ են քաղաքները, որոնք նման ծանր ճակատագիր են ունեցել, ինչպես Շուշին: Մեր տարածաշրջանում չի եղել որեւէ պատերազմ, որի ժամանակ չտուժի մեր գեղեցիկ բերդաքաղաքը: Բավական է հիշել, որ վերջին 200 տարում Շուշին առնվազն 10 անգամ ձեռքից ձեռք է անցել: Դրանով այն մեզ համար դառնում էլ ավելի թանկ»:

No comments: