Thursday, October 29, 2009

ՌԴ-ում Թուրքիայի դեսպան. Թուրքիայի խորհրդարանը ոչ միշտ է հնազանդորեն կատարում կառավարության պահանջները

News.am. 29-10-2009- Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացքում ցանկություն կհայտնվի, որպեսզի կարգավորվեն ադրբեջանա-հայկական հարաբերությունները։ Այս մասին հոկտեմբերի 29-ին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հալիլ Աքընջին։ «Առայժմ շատ վաղ է խոսել Հայաստանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցության նախագծերի մասին, անհրաժեշտ է, որպեսզի սկզբում թուրքական մեջլիսը վավերացնի ցյուրիխյան արձանագրությունները»,- հայտարարել է դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով այն փաստը, որ Թուրքիայի խորհրդարանը ոչ միշտ է հնազանդորեն կատարում երկրի կառավարության պահանջները, «իսկ կառավարության քաղաքականությունը հարեւանների հետ լավ հարաբերություններ հաստատելն է»։ Ըստ Աքընջիի, Թուրքիայի ու Հայաստանի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահագրգռվածությունն ու աջակցությունը ակնհայտ դարձան հենց Ցյուրիխում նշված արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ։ Արարողությանը ներկա էին Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարը, «այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիվանագետները»։ «Ցյուրիխում թուրք-հայկական փաստաթղթերի ստորագրումը խոսում է ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին, այլեւ Ադրբեջանի ու Հայաստանի»,- կարծում է թուրք դիվանագետը։

No comments: