Tuesday, October 13, 2009

Թուրքերը դիտավորյալ են պարտվելու՞

A1+ 13-10-2009- «Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների խաղը այլեւս կորցրել է իր սպորտային նշանակությունը: Հիմա այն միայն քաղաքական աստառ ունի եւ շատ կարեւոր է դիվանագիտական եւ ընկերասիրական առումով: Ուստի շատ հավանական է, որ Հայաստան-Թուրքիա խաղում հաղթանակը տոնեն հայ ֆուտբոլիստները»,- այս կարծիքը թուրքական «TODAY'S ZAMAN» պարբերականին հայտնել ենմի շարք թուրք սպորտային մեկնաբաններ: Թեեւ հնչել են նաեւ հակառակ կարծիքներ, որ խաղն ավարտվելու է 3-0 հաշվով հօգուտ Թուրքիայի: Թուրքիայի ընտրանին իր նախորդ խաղում պարտվել էր Բելգիայի ընտրանուն' 0:2, իսկ Հայաստանի հավաքականը' 1-2 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին: Ուստի Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականները կորցրել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու հնարավորությունը: Բողոքի լուռ ակցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի Թուրք եւ ադրբեջանցի մի խումբ ուսանողներ պատրաստվում են Բուրսայում Սերժ Սարգսյանին դիմավորել բողոքի լուռ ակցիաներով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մենք հարգում ենք թուրքական իշխանությունների որոշումը' կանխել ամեն տեսակի սադրանք եւ իրարանցում, սակայն լռել չենք կարող: Ուստի որոշել ենք բողոքի լուռ ակցիաներ կազմակերպել Բուրսայում եւ ինտերնետում»,- ասել են ակցիայի կազմակերպիչները: Ի դեպ, հայ- թուրքական ֆուտբոլային խաղի ընթացում բողոքի ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին նախապես հայտարարել էր նաեւ Թուրքիայի հանրային աշխատողների աշխատավորական միությունը Turkish Public Workers' Labor Union /Կամու սեն/, որը ընդդեմ Սերժ Սարգսյանի այցի ստորագրահավաք էր կազմակերպել: Կհսկեն նույնիսկ ձեղնահարկերը«TODAY'S ZAMAN» պարբերականին տված հարցազրույցում Բորսայի պետնախարար Ֆարուք Ջելիքը ասել է, որ ֆուտբոլային խաղի ժամանակ անվտանգությունը կլինի բարձր մակարդակի: «Բուրսան այն վայրն է, ուր հիմնականում հավաքված են հարավարեւելյան եւ արեւելյան Անատոլիայից, ինչպես նաեւ սեւծովյան տարածաշրջանից եկած միգրանտները: Ոչ մի լուրջ միջադեպ չի լինի նման կոսմոպոլիտ քաղաքում, ուր տիրում է ներդաշնակության եւ խաղաղության մթնոլորտ»,- ասել է նա: Ըստ նրա, արգելվել են ամեն տեսակի մետաղական իրերի մուտքը մարզադաշտ, այդ նպատակով տեղադրվել են հատուկ մետաղորսիչներ: Արգելվել են նաեւ ցուցապաստառներ, թղթեր, մարկերներ եւ գրիչներ, որպեսզի երկրպագուները սադրիչ եւ անվայել մակագրություններ չգրեն: Մարզադաշտի տարածք հնարավոր չի լինի տանել նաեւ պլաստիկ շշերով ջուր. դրանք հանդիսատեսը ստիպված կլինի գնել ներսում: Ողջ խաղի ընթացում Աթաթուրքի անվան մարզադաշտի շուրջն ու ներսը հսկելու են անվտանգության 2500 աշխատակից, որոնցից 800-ը ոստիկաններ են, 700-ը' հատուկ ջոկատայիններ: Մարզադաշտի բոլոր սենյակներում, նույնիսկ ձեղնահարկում լինելու են ոստիկաններ, նրանցից միայն 300-ը հսկելու է խաղահրապարակը: Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտը կառուցվել է 1979 թվականին եւ կարող է տեղավորել 18 հազար հանդիսատես: Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Երեւանի ժամանակով 23։00-ին։

No comments: