
News.am. 13-10-2009- Այսպիսով, Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում վերջապես ստորագրեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նախաստորագրված երկու արձանագրությունները, իսկ դա նշանակում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում ամեն բան կախված է ժամանակից ու երկու երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթերի վավերացումից,- «Զաման» թերթում նման կարծիք է հայտնել թուրք վերլուծաբան Էմրե Ուսլուն։
Ըստ Ուսլուի, «ամենագլխավորն ու կարեւորը արձանագրություններում այն է, որ դրանցում ընդգրկված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Դա Հայաստանի կառարավարությանը հնարավորություն է տալիս իր ժողովրդին հայտարարել, որ հայկական դիվանագիտությունը հաջողությամբ բաժանել է թուրք-ադրբեջանական դաշինքը, որը այդ ողջ ընթացքում ճնշում էր գործադրում Հայաստանի վրա։ Իր հերթին, Թուրքիան խիզախում է առաջ բերել իր ժողովրդի դժգոհությունը, սակայն նրա հաղթանակը պատմական այն փաստերի ու արխիվների հետազոտման միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն է, որոնք հայերն անվանում են Ցեղասպանություն։ Այդ կետը հայկական Սփյուռքի գլխավոր անհաջողությունն է, քանզի շատ քաղաքական գործիչներ հավատում են նման պնդման իսկությանը՝ հենվելով, իրենց հերթին, հեղինակավոր այն պատմաբանների վրա, որոնք արդեն այն բանի բավականաչափ ապացույցներ են ներկայացրել, որ 1915 թվականի իրադարձությունները իսկապես Ցեղասպանություն էին։ Այսպիսով, Թուրքիան հասել է նրան, ինչ ուզում էր, ինչը հնարավորություն է տալիս նրան վերաձեւակերպել ու վերադասավորել իր դիրքերը»։
Այնուհետեւ Ուսլուն հիշատակում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական դիրքորոշումը, որն իր հայտարարության մեջ խոսում է այդ փաստաթղթերի միակողմանիության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դավաճանության մասին, որը վախեցավ մարդկության դեմ հանցագործությունը կոչել «ցեղասպանություն» բառով, եւ անարդարության դեմ պայքարը շարունակելու հայկական Սփյուռքի վճռականության մասին։
«Չնայած այն բանին, որ Ցյուրիխում ատորագրված փաստաթղթերը ուժի մեջ են մտնելու միայն երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո, քաղաքական լարվածությունը Հայաստանում ու Թուրքիայում կաճի։ Լարվածությունը, գլխավորապես, կբխի հայկական Սփյուռքից, որը շատ ուժեղ եւ միասնական է։ Հայության, եւ առաջին հերթին՝ Սփյուռքի ինքնությունը հենվում է „զոհի շահարկման“ հասկացության վրա, որը շատ լավ էր օգտագործում հայկական եկեղեցին։ Դրանում է, ըստ երեւույթին, քրիստոնեական հավատի առեղծվածային տարրը՝ որին դիմելով էլ հայկական եկեղեցին իր համար հրաշալի հող է գտել, որպեսզի վերականգնի ազգի ինքնությունը մեծ ողբերգության լույսի ներքո։ Սակայն, հայ-թուրքական արձանագրությունները ամեն բան տակնուվրա են արել՝ վերածվելով մեծ սպառնալիքի՝ հայկական ինքնության համար»,- եզրափակել է թուրք վերլուծաբանը։
No comments:
Post a Comment