Tuesday, October 13, 2009

ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐ ՊԱՅՄԱՆ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ

«ԱԶԳ», 13-10-2009- Շաբաթ ուշ երեկոյան Ցյուրիխում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը լայնորեն եւ զգալի լավատեսությամբ լուսաբանվեց աշխարհի լրատվամիջոցներում: Բայց արդեն կիրակի օրը ֆրանսիական RFI միջազգային ռադիոկայանը հաղորդեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի նոր պայմանի մասին, ըստ որի թուրք-հայկական սահմանի բացումը շաղկապվում է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Էրդողանի ելույթի մանրամասնությունը հաղորդում է Le Point շաբաթահանդեսի կայքէջը: Այնտեղ մասնավորապես գրված է. «Համաձայնագրի թանաքը դեռ չչորացածՙ այն արդեն վիճարկվում է: Թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատմական համաձայնագրի ստորագրման հաջորդ օրն եւեթ պնդեց, որ այդ երկրի հետ սահմանի բացումը կապված է Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի հասնելու հետ: «Մենք ուզում ենք, որ բոլոր սահմանները բացվեն միաժամանակ (...), բայց քանի դեռ Հայաստանը հետ չի քաշվել իր գրաված ադրբեջանական տարածքներից, Թուրքիան չի կարող դրական դիրքորոշում ունենալ այդ հարցում», հայտարարեց Էրդողանը Անկարայումՙ իր կուսակցության ղեկավար ատյանների ժողովի ժամանակ»: Այնուհետեւ Le Point-ը գրում է, որ թուրք-հայկական սահմանը փակ է 1993 թվականիցՙ ի նշան Ադրբեջանի հետ Թուրքիայի համերաշխության, երբ Հայաստանը «վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի հայկական միջնատարածքի եւ կից ադրբեջանական տարածքների նկատմամբ»: Ստորագրված արձանագրությունները նախատեսում են նաեւ Թուրքիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Էրդողանը միաժամանակ հավաստիացրել է, որ ամեն դեպքում արձանագրությունները կներկայացնի Մեջլիսի վավերացմանը: Նրա խոսքերով, թուրք պատգամավորները, անկասկած, կհարցնեն, թե ինչ վիճակում են հայ-ադրբեջանական հարաբերությունները: «Եթե Ադրբեջանը եւ Հայաստանը սկսեն փնտրել իրենց խնդիրների լուծումը, ապա մեր հանրային կարծիքն ավելի մեծ չափով կգնահատի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը: Եվ դա կդյուրացնի Մեջլիսում արձանագրությունների վավերացումը», նշել է Էրդողանը:

No comments: