Sunday, October 25, 2009

ՄՆԱՑԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ՄԻԱՅՆ ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ՞ ՀԱՐՑԸ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 24-10-2009 Միջազգային ճգնաժամային խումբը հերթական անգամ իր մոտեցումն է բարձրաձայնելՙ թերեւս սեփական գործունեությունը կարեւորելու դրսեւորումները թարմացնելու համար: Այդուհանդերձ, ՄՃԽ-ն նախորդ հայ-թուրքական դիրքորոշումից կրկին անցել է հակամարտությունների տիրույթ եւ անդրադարձել ղարաբաղյան հարցում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներին, բնականաբար, կապող հայ-թուրքական դիտանկյունով: Ըստ այդմ, ՄՃԽ-ի եվրոպական ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում չի կարող Երեւանի ապակառուցողական դիրքորոշման պատճառ դառնալ: «Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը Հայաստանին կդրդի Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առավել ճկուն դիրք գրավելու», ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը նշել է Ֆրեյզերը: Բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառն, ըստ ՄՃԽ-ի եվրոպական ծրագրի ղեկավարի, այն հարցերի բարդությունն ու դժվարությունն է, որոնց շուրջը կողմերը փորձում են հասնել համաձայնության: Ֆրեյզերի մատուցմամբ, դեռեւս չհամաձայնեցված հիմնական հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: «Մյուս սկզբունքները գործնականում համաձայնեցված են», նշել է ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի ղեկավարը: Ավելին, Ֆրեյզերը հայտարարել է, թե կողմերն արդեն պայմանավորվել են, որ անհրաժեշտ է դուրս բերել զինված ուժերը «գրավված 7 շրջաններից», ընդ որում, բանակցություններում նաեւ հաստատված է ուժի չկիրառմանը հետեւելու անհրաժեշտությունը, եթե որեւէ նման խնդիր ծագի: «Կողմերը կարծես հասել են համաձայնության գրեթե բոլոր կետերում: Հուսով եմ, որ երկու կողմն էլ կարող են ստորագրել համաձայնությունը, որ կարտահայտի արդեն համաձայնեցված բոլոր կետերը», հայտնել է ՄՃԽ եվրոպական ծրագրի ղեկավարը: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին այդպես էլ համառորեն կապվող Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտու հողերի վերադարձի հարցինՙ Ֆրեյզերը նշել է, թե Հայաստանը «օկուպացված տարածքների» վերահսկողությունը պահելու փաստարկ էր ներկայացնում այն, որ գտնվում էր մեկուսացված վիճակում, եւ «այդ տարածքների կարիքն ունի որպես սեփական պաշտպանության ապահովություն»: Ադրբեջանական գործակալության մեջբերմամբՙ Սաբինա Ֆրեյզերն ասել է, թե Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանը, Ֆրեյզերի իսկ մոտեցմամբ Հայաստանին վերագրվող դիրքորոշման փաստարկից չի կարող օգտվել, քանի որ այն հիմնավոր չի լինի: «Հայերը ելք կունենան դեպի աշխարհ, եւ այդպիսով այլեւս հնարավորություն չի լինի ասելու, թե անհրաժեշտ է վերահսկել այդ տարածքները որպես սեփաիան անվտանգության երաշխիք»: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: