Sunday, October 25, 2009

Անկարայում Ռուսաստանի դեսպան. Ճիշտ չէ, որ Ղարաբաղի խնդիրը միացնում են ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ

News.am. 24-10-2009- Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին հայտնել է, որ իրենք աջակցում են Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը եւ Թուրքիայում քրդական հարցի լուծման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։ «Անցյալ տարի սեպտեմբերին՝ Վրաստանի հայտնի իրադարձություններից հետո, երբ գնացել էի Թուրքիայի արտգործնախարարություն, ասացի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար շատ հարմար ժամանակաշրջան է։ Գիտեք, որ Լավրովը հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձագրություններում կարեւոր դեր խաղաց։ Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ՝ ցանկանում են, որ Կովկասում կայունություն լինի։ Ռուսաստանի հարաբերությունները թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ խորն են։ Ռուսաստանում ապրում է 2,5 միլիոն հայ եւ 2 միլիոն ադրբեջանցի։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մեզ համար էլ է անհրաժեշտ։ Որովհետեւ Կովկասում կայունությունը մեր շահերից է բխում եւ դրական կանդրադառնա մեր խնդիրների լուծմանը՝ Դաղստանում եւ Չեչնիայում։ Սակայն ճիշտ չէ, որ Ղարաբաղի խնդիրը միացնում են ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ։ PKK-ի խնդիրը չի կարող խնդիրներ առաջացնել ռուս-թուրքական հարաբերություններում։ Ռուսաստանի տարածքում չեն թույլատրվի հակաթուրքական որեւէ գործողություններ։ Բացի այդ, PKK-ն Ռուսաստանում չունի քաղաքական եւ ռազմական գործունեություն։ Չնայած սրան՝ ամեն անգամ, երբ հանդիպում ենք թուրք պատասխանատունների հետ, ասում ենք, որ պատրաստ ենք գործողություններ իրականացնել նրանց տրամադրած փաստերի հիման վրա։ Տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը բոլորի շահն է»,-ասել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին։

No comments: