Wednesday, October 28, 2009

Միայն Թուրքիան կարող է խանգարել Ռուսաստանին «ձեռք գցել» ամբողջ Կովկասը

News.am- 27-10-2009- Ռուսաստանը պատրաստվում է «ձեռք գցել» ամբողջ Կովկասը։ Միակ երկիրը, որ նրան մարտահրավեր կարող է նետել հարավային ուղղությամբ, Թուրքիան է, նկատում են փորձագետներ Ջորջ Ֆրիդմանը եւ Պիտեր Զեիհան ամերիկա-իսրայելական Stratfor ռազմավարական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում։ Այս հարցում Ռուսաստանի ռազմավարական գլխավոր դաշնակիցն ու գործընկերը նախկինի պես Հայաստանն է։ Մի քանի ամիս առաջ Ռուսաստանն առաջարկել էր թուրքերին հարաբերությունները լավացնել Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, Թուրքիան ավելի քան 90 տարի կոմայի վիճակում է եղել։ Սակայն ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար խնդիրներ է առաջ եկել տարածաշրջանի իր դաշնակից Ադրբեջանի հետ, որն, իր հերթին, Հայաստանի թշնամին է։ Սարսափելով նրանից, որ կարող են կորցնել տարածաշրջանային իրենց հովանավորին՝ ադրբեջանցիները շրջվել են դեպի Ռուսաստան, որպեսզի պահպանեն Հայաստանի հետ հակակշիռը։ Նմանօրինակ զարգացումների արդյունքն այն է եղել, որ Թուրքիան Կովկասում այժմ անհամեմատ թույլ է, քան մի քանի ամիս առաջ։ Իսկ Ռուսաստանը ընդունակ է ձախողել հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական ցանկացած նախաձեռնություն։ Ռուսաստանը մեծ քայլեր է անում նաեւ Եվրոպայում եւ ուժեղացնում է իր ազդեցությունը Եվրասիայում։ Նա միաժամանակ խարխլում է ԱՄՆ-ի ջանքերը Մերձավոր Արեւելքում: Իսկ ամերիկացիները ձգտում են փոխել խաղի կանոնները: Վաշինգտոնը իր ամբողջ ուժերով ձգտում է Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացնել նրանց վրա, ում հետ նա միասնական է եղել: Ամերիկացիները գործի են անցել, երբ խորհրդային պետությունները դուրս եկան Խորհրդային Միությունից՝ հեղափոխության կոչ անելով այնպիսի պետությունների, ինչպիսիք են Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Հայաստանը: Ռուսաստանը դեռեւս չի համակերպվել նարնջագույն հեղափոխության հետ եւ կարելի է պատկերացնել, թե որքան ժամանակ նրան կպահանջվի, եթե Սպիտակ տունը ստիպի նրան կարգավորել իր հարեւանների խնդիրները իրենց իսկ տարածքներում: Այդ ժամանակ նրանք կմոռանան Իրանի մասին: Այն հարցը, թե ինչու է ԱՄՆ-ը այդպես ինտենսիվ ձեւով ձգտում հասնել դրան հենց հիմա, մինչեւ հիմա անհայտ է: Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն դժվար է միանշանակ ասել, թե որ ուղղությամբ են նրանք ընթանում: Փորձը ցույց է տալիս, որ իրանցիները միայն ձգում են ժամանակը, եւ դա խոսում է այն մասին, որ նրանք իրականում չեն վախենում պատժամիջոցներից՝ լուրջ չընդունելով սպառնալիքները։ Իրանի նման դիրքորոշման մեջ դեր ունի նաեւ Ռուսաստանը, որի համար ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների սպառնալիքները դեր չեն խաղում, քանի որ նրանք հաղթաթղթեր չունեն։

No comments: