«HayInfo9-27-10-2009-Հայ-իրանական հարաբերությունները կթուլանան հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում, կարծում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
«Իրանը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է վերջինի անկախ գոյատևման ողջ ընթացքում։ Սակայն հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանը կանգնում է այսօրվա դրությամբ Իրանի հետ մեզ կապող ջերմ հարաբերությունները կորցնելու ռիսկի առաջ, այդ իսկ պատճառով տվյալ խնդիրը մանրամասն ուսումնասիրության կարիք ունի»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Քեռյանը։
Նրա խոսքով, հակաարևմտյան տրամադրություններ ունեցող Իրանը չի ողջունի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը՝ ելնելով այն փաստից, որ Թուրքիան ավանդաբար արևմտամետ կողմնորոշում ունեցող երկիր է։
«Իրանը երբեք Հայաստանի դաշնակիցը չի մնա, եթե հայ-իրանական հարաբերություններում խոչընդոտներ հայտնվեն, որոնցից, առաջին հերթին, հարկ է առանձնացնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը։ Եթե հայ-թուրքական հարաբերություններում ջերմացում նկատվի, ապա Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները ոչ միայն կթուլանան, այլև կսրվեն»,- ասաց փորձագետը։
Միաժամանակ Քեռյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը չի համապատասխանում նաև Վրաստանի ազգային շահերին։ Մասնավորապես, քաղաքագետը նշեց, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Վրաստանը կտրուկ կկորցնի իր աշխարհաքաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում։
«Եթե նախկինում Վրաստանը դիտվում էր որպես միակ տարանցիկ երկիր տարածաշրջանում, որի միջով Հայաստանի շրջափակման պատճառով Արևելքից Արևմուտք անցնում էին էներգետիկ ռեսուրսները, ապա հայ-թուրքական սահմանի բացմամբ այս առումով այն կտրուկ կկորցնի իր դերն ու աշխարհաքաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում»,- ընդգծեց քաղաքագետը։
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment