News.am. 27-10-2009- Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որ տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Համաձայն հայտարարության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), երկուշաբթի` հոկտեմբերի 26-ին, Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Համանախագահները նախարարներից յուրաքանչյուրի հետ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել։
Խորհրդակցություններում, որ անցել են կառուցողական մթնոլորտում, գնահատվել է բանակցությունների ներկա փուլը եւ հաջորդող քայլերի վերանայումը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ նախարարների խորհրդի առաջիկա նիստը, որը կանցկացվի դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում, ասվում է հայտարարության մեջ։
Համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան, որպեսզի հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ հիմնական սկզբունքների հիման վրա շարունակեն ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման գործընթացը։
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment