Tuesday, October 13, 2009

Թուրքիա-Հայաստան խաղին բացի ադրբեջանական դրոշից, արգելվելու են նաեւ շշերը, մատիտներն ու գրիչները

News.am. 13-10-2009- Թուրքական Բուրսա քաղաքում հոկտեմբերի 14-ի Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա խստագույն անվտանգության միջոցառումների ներքո: Հայաստանի հավաքականի եւ հայ հյուրերի անվտանգության ապահովման միջոցառումներին ընդգրկված են Թուրքիայի բոլոր ուժային եւ անվտանգության կառույցները։ Ինչպես Բուրսայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, խաղից առաջ մարզադաշտի մուտքի մոտ կլինեն երկշերտ անվտանգության գոտիներ, որտեղ մանրակրկիտ կստուգեն մարզադաշտ մտնողներին: Մուտքերի մոտ գործելու է անվտանգության X-Ray համակարգը։ Մարզադաշտը պարբերաբար ստուգվում է հատուկ վարժեցված շների օգնությամբ: Մարզադաշտ մտնողները մինչեւ ներքնաշորեր զննման կենթարկվեն: Բացի ադրբեջանական դրոշից, ապակյա շշերով հյութերից` արգելվելու է նաեւ մարզադաշտ բերել մատիտներ եւ գրիչներ, որոնցով հնարավոր է գրել պաստառներ: Խաղի անվտանգությունը կապահովի 3000 ոստիկան եւ զինվորական, հավելյալ 500 ոստիկաններ քաղաքացիական հագուստներով նստած կլինեն երկրպագուների կողքին: Լինելու են բազմաթիվ դիպուկահարներ` անվտանգությունը ավելի ուժեղացնելու համար: Հայաստանի հավաքականի Բուրսա մտնելուն պես նրան 24 ժամյա խիստ հսկողության տակ է վերցրել 300 հոգանոց ոստիկանական խումբը, որոնք մի քանի անվտանգության գոտիներով շրջափակել են Holiday Inn հյուրանոցը՝ հայկական հավաքականի կեցավայրը: 24 ժամյա հսկողության տակ է նաեւ հավաքականի հետ Բուրսա մեկնած հայկական պատվիրակությունը, որը տեղավորված է Բուրսայի կենտրոնում գտնվող Tugce (Թուղջե) հյուրանոցում: Խաղի ժամանակ դիվանագիտական կորպուսին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կհյուրասիրեն թուրքական հյուրընկալության համաձայն, այսինքն կհյուրասիրեն շաքարապատ շագանակով եւ այլ ուտեստներով:

No comments: