Thursday, October 29, 2009

Քանի՞ տարի է հարկավոր Թուրքիային Արձանագրությունները վավերացնելու համար

Tert.am.29-10-2009- Երեկ և այսօր թուրքական լրատվամիջոցները ակտիվորեն գրում են թուրք–ադրբեջանական հարաբերություններում լարվածության ավարտի մասին։ Պատճառն այն է, որ երեկ Բաքվում գտնվող թուրք խորհրդարանականների ներկայությամբ թուրքական դրոշները կրկին բարձրացվեցին զոհված թուրք զինվորների հուշարձանի մոտ։ «Մենք ականատես դարձանք, թե ինչպես թուրք–ադրբեջանական հարաբերությունները վերադառնում են «մեկ ազգ, երկու պետություն» հիմքերի վրա», – երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուրատ Մերքանը։ Ինչպես գրում է Today's Zaman–ը Մերքանը ևս մեկ անգամ հավաստիացրել է ադրբեջանցիներին, որ Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկի, եթե դա ի վնաս լինի Ադրբեջանին։ «Խորհրդարանը ոչ մի որոշում չի կայացնի, որը կվնասի Ադրբեջանի ժողովրդին։ Կան մի շարք համաձայնագրեր, որոնք վավերացման են սպասում 2000թ. ի վեր», – Մերքանի խոսքերը մեջբերում է Today's Zaman–ը։ Ըստ Մերքանի՝ հայ–թուրքական Արձանագրությունների վավերացման ոչ մի ժամանակացույց գոյություն չունի։

No comments: