Wednesday, October 28, 2009

Քաղաքագետ. Ադրբեջանի իշխանություններն ու ընդդիմությունը, ի հակակշիռ մեզ, համակարծիք են, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը իրենցն է

News.am. 28-10-2009- Ադրբեջանին տարածքային զիջումները պետք չեն, ինչին պատրաստ է գնալ Հայաստանը Ղարաբաղի հարցում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։ Նրա խոսքով, «Ալիեւը չի ուզում տարածքային զիջումներ, նա ուզում է ամեն ինչ»։ «Տարածքների հարցն ադրբեջանցիների համար քննարկման թեմա չէ»,- նշել է նա՝ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ եթե Հայստանում խնդրի լուծման առումով լայն սպեկտր գոյություն ունի, ՝ սկսած Գեորգի Վանյանից, ով հայտնի է Ադրբեջանի հանդեպ ունեցած իր լոյալ վերաբերմունքով, մինչեւ Ժիրայր Սեֆիլյան, ով առաջնորդվում է «ոչ մի թիզ հող» սկզբունքով, Ադրբեջանում նման սպեկտր չկա։ «Ադրբեջանի իշխանություններն ու ընդդիմությունը համակարծիք են այն հարցում, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը պետք է գտնվեն իրենց պետության կազմում»,- կարծում է փորձագետը։ Անդրանիկ Թեւանյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը երազում էր «ոտքերը լվանալ Սեւանում», իսկ այսօր Բաքուն աչք է դրել Զանգեզուրի վրա։ Նրա խոսքով, այդ հավակնությունները հաստատվում են նաեւ այն փաստով, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կրակում էր նաեւ Իջեւանի եւ Կապանի վրա։ «Այսինքն՝ այդ ժամանակ հայ-ադրբեջանական պատերազմ էր»,- ընդգծել է քաղաքագետը։ Թեւանյանը կասկածի տակ է դրել հայ քաղաքագետների հայտարարությունները, ովքեր կարծում են, որ զիջումների գնալով եւ սահմանները բացելով՝ Հայաստանն ավելի լավ կապրի։ Նա խոսել է Վրաստանի օրինակի մասին , որտեղ բոլոր ճանապարհները բաց են եւ ելք կա դեպի ծով, սակայն մարդիկ այնտեղ մեզանից լավ չեն ապրում։

No comments: