Aysor.am-28-10-2009- Փորձագետ, «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը Ֆուտբոլային դիվանագիտության հետ կապված «մի քանի միֆեր» առանձնացրեց:
«Կան ուժեր, որ ասում են` իբր դիվանագիտությունը նախաձեռնվել էր դրսի ուժերի կողմից, ճնշումներ են գործադրվել, և հայկական կողմն էլ ստիպված գնացել է արձանագրությունների կազմմանը: Դա ճշմարտությանը չի համապատասխանում, դիվանագիտությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, և նախաձեռնելու պահից սկսած կորցրել է նախաձեռնությունը»,- հայտարարեց Թևանյանը:
Ըստ բանախոսի, գուցե գնդակը Թուրքիայի դաշտում է, բայց Հայաստանն այլևս խաղի մեջ չէ: Նա նաև նշեց, թե նախապայմաններ չլինելու հայտարարությունները ևս չեն համապատասխանում իրականությանը:
«Երբ Ալիևն է ասում, թե Ղարաբաղը վերցնելու են, Հայաստանի նախագահն ասում է` չեն վերցնելու, մենք հավատում ենք մեր նախագահին, որովեհտև Ղարաբաղը մերն է: Երբ խոսվում է սահմանի մասին, պետք է հիմք ընդունել Թուրքիայի ասածը, քանի որ սահմանը Թուրքիայի ձեռքում է: Եվ այդ համատեքստում մենք ունենք բացասական դիվանագիտական հաշվեկշիռ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:
Փորձագետի խոսքերով, Սերժ Սարգսյանը խնդիր է դրել բացել սահմանը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ Թուրքիան ապշած էր Սարգսյանի նախաձեռնությամբ, քանի որ, Թևանյանի համոզմամբ, մեղավոր կողմը պետք է լինի նախաձեռնող:
«Թուրքերը ստացել են Ցեղասպանության միջազգային ճանաչման փաստացի ժխտում: Ցեղասպանության ճանաչման խնդիրը Հայաստանի համար հուզական հարց չէ, դա պետական անվտանգության խնդիր է: Թուրքիայի հետ հարաբերություններում մենք ինչպե՞ս կարող ենք մեր իրավունքները պաշտպանել, եթե գնում ենք այն կոնցեպցիայով, թե 21-րդ դարը բարեկամության դար է. դա բլեֆ է»,- հայտարարեց Թևանյանը:
Ինչ վերաբերում է խորհրդարանների կողմից վավերացմանը, նա ասաց, որ հայաստանյան կողմն էլի իրեն դրել է խաղից դուրս վիճակում, ասում են` սպասենք, Թուրքիան արձանագրի, նոր մենք մտնենք խաղի մեջ:
«Ուրեմն` իրենք էլ են հասկանում, որ լավ արձանագրություններ չեն: Թուրքական մեջլիսը չի վավերացնի, և դրանից հետո մեր իշխանությունները կսկսեն հայհոյել Թուրքիային»,- նշեց նա:
Թևանյանը նաև հավելեց, որ այժմ պետք է մտածենք, թե ի՞նչ անենք, որ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք և իր խնդրանքն ուղղեց իշխանություններին. «Ես կխնդրեի, որ Արցախի հարցում կոշտացնեն դիրքորոշումը, դա հնարավորություն կտա անուղղակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա»:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment