News.am. 28-10-2009- «Քիչ հավանական է, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններում, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել Ղարաբաղի եւ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցերում»,- նման տեսակետ է հայտնել ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը: Նրա խոսքով, այդ խնդիրները հնարավոր էր լուծել բանակցությունների ժամանակ, սակայն քանի որ դա չի արվել, նշանակում է, որ կողմերի նպատակը ոչ թե սահմանի բացումն է, այլ ինչ-որ այլ խնդիրներ: «Թուրքիայի համար կարեւոր է ցուցադրել փոխզիջման ձգտումը իր ԵՄ անդամության համատեքստում»,- ասել է Կռիլովն ու հավելել, որ Անկարան սրանով նաեւ հնարավորություն է տվել ԱՄՆ-ի նախագահին՝ հրաժարվել «Ցեղասպանություն» բառն օգտագործելու խոստումը կատարելուց: Դե իսկ Երեւանը, ըստ նրա, այս գործընթացող ցույց է տալիս իր ձգտումը ԵՄ-ի հետ իր հարաբերությունները զարգացնելու նկատակով:
Կռիլովը կարծիք է հայտնել, որ կողմերը կարող են բավարարվել նրանով, ինչ ստացել են, իսկ արձանագրություններն այդպես էլ կարող են չվավերացվել: «Ավելի շուտ նրանք կփորձեն արձնագրությունների վավերացման ձախողումը ներկայացնել որպես ժողովրդավարության բարձր մակարդակի արդյունք եւ կհայտարարեն, որ մտադիր են շարունակել խաղաղ գործընթացը, որը կարող է տեւել շատ երկար», ասել է նա՝ ընդգծելով, որ «նման դիվանագիտական խաղերը» շատ քիչ կազդեն ԼՂ խնդրի վրա:
«ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը չի կարող լինել պարզ ու արագ: Այդ խնդրին ուժային ճանապարհով արագ ու արմատական լուծում տալու փորձերը կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների եւ Վրաստանի օրինակն այստեղ շատ խոսուն է: Չեմ կարծում, որ Երեւանը կգնա ինչ-որ զիջումների՝ առանց հստակ անվտանգության երաշխիքների: Ավելի հավանական է, որ հակամարտությունը կմնա սառեցված վիճակում, քանի որ կողմերը զբաղված են ոչ թե կարգավորմամբ, այլ սեփական խնդիրների լուծմամբ»,- ասել է Կռիլովը:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment