Monday, October 5, 2009

Մեկնաբանություն. Իլհամ Ալիևի «մարգարեությունն» առ ապագա

«ԱՅՍՕՐ» 5-10-2009- Հոկտեմբերի 1-ին Հայաստան ժամանեցին Մինսկի խմբի համանախագահները, որից հետո նրանք եղան Ստեփանակերտում, իսկ այժմ գտնվում են Բաքվում: Հոկտեմբերի 8-ին սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպումը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների ստորագրման արարողության օրվա մասին կհայտարարվի Շվեյցարիայում հոկտեմբերի 5-ին: Այս ամսաթվերի ետնապատկերում ուշագրավ է հոկտեմբերի 3-ին թյուրքալեզու երկրների հերթական կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի` Ղարաբաղյան հակամարտության համատեքստում արած հետևյալ հայտարարությունը. «Բանակցությունների գործընթացը գտնվում է եզրափակման փուլում: Քննարկվող հարցերը ապահովում են հակամարտության լուծումը տարածքային ամբողջականության հիման վրա»: Ադրբեջանի նախագահի տեղեկատվական մանևրների մակերեսայնության ավելի վառ դրսևորում, քան այս հայտարարությունն է, դժվար է պատկերացնել: Պարզից էլ պարզ է, որ Ալիևը փորձում է արհեստական իրարանցում առաջացնել ու շփոթության մեջ գցել շատերին, ովքեր այս կամ այն կերպ իրար են կապում հայ-թուրքական հարաբերութոյւնների կարգավորումն ու ԼՂ հիմնահարցի լուծումը` պնդելով, որ սրանք փոխկապակցած կերպով ազդում են միմյանց վրա: Արդարացի լինելու համար պետք է փաստել հետևյալը. բնականաբար. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները ոչ միայն ազդել, այլ պարզապես կոտրել են այն ինքնավստահությունը, որով Բաքուն նստում էր բանակցությունների սեղանի շուրջ պաշտոնական Երևանի հետ` համոզված լինելով, որ թիկունքում ունի Թուրքիայի աջակցությունը: Այսինքն, Անկարայի հանգստացնող հայտարարություններն արդեն չեն օգնում Բաքվին, իսկ ԼՂ հիմնահարցը այսօր Ադրբեջանին կանգնեցնում է նոր մարտահրավերների առաջ: Ալիևի հայտարարության ժամանակավրեպ և իմաստազուրկ բնույթն առավել ակնհայտ է դառնում “The Armenian Reporter”-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի հետևյալ հայտարարության ետնապատկերում. «Մոլդովայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ասեմ ավելին` հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից, դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատև բանակցային աշխատանք և, անշուշտ, քաղաքական կամք»: Այսինքն, գործընթացը դեռ շարունակվում է, և ակնհայտ է, որ նախագահների` սպասվող հանդիպման արդյունքում ոչ մի կտրուկ փոփոխություն չի լինի, որը կազդի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վրա, ինչպես ենթադրում և ցանկանում էր Բաքուն: Ի դեպ, վերջինս, որ հույսը դրել էր համանախագահների հայտարարած «նոր Մադրիդյան սկզբունքների» վրա, ի պատասխան ստիպված եղավ լսել հետևյալը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակով կողմից. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը պատրաստ է, բայց կողմերին դեռ չի ներկայացվելու»: Ավելին, ինչպես ՀՀ Նախագահն է ասել, եթե փաստաթուղթը կոչվի ««Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակ», բայց դրա տրամաբանությունն ու ոգին պարունակեն նոր գաղափարներ, այդ դեպքում, կարծում եմ, գործընթացը խիստ կձգձգվի»: Բաքվի համար հերթական հարվածն էր նաև համանախագահների մեկ այլ հայտարարություն. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացը ինքնուրույն է և պետք է առաջ ընթանա առանց որևէ նախապայմանների կամ շաղկապումների և խելամիտ ժամանակահատվածում՝ առանց թելադրող արագացումների կամ դանդաղեցումների»: Սրանով, փաստորեն, հողին են հավասարվում այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում էին Բաքվի կողմից` փոխշաղկապելու երկու գործընթացները և դրանով ի չիք դարձնելու առկա և սպասվելիք ձեռքբերումները` փորձելով ներկայացնել Հայաստանի նախաձեռնությունը որպես ձախողված: Այսինքն Բաքվի այս քաղաքականությունը, կարելի է ասել, այնքան «արդյունավետ» է, որքան «ճիշտ» է Ալիևի այն հայտարարությունը, թե «Նախիջևանը Ադրբեջանի պատմական հողն է»: Ինչևէ, արդեն հոկտեմբերի 4-ին Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Բեռնար Ֆասիեն Երևանում ընթացած քննարկումները գնահատել է որպես կառուցողական: Սա, թերևս, կարող էր լավ օրինակ ծառայել Բաքվի համար, եթե վերջինս փորձեր ստահոդ հայտարարությունների ներուժը փոխարինել խնդրի կարգավորմանն ուղղված իրական ջանքերով: Այդուհանդերձ, անկախ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունների գործընթացից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը շարունակվում է, իսկ Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի կողմից ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին Թուրքիա-Հայաստան պատասխան խաղը միասին դիտելու պաշտոնական հրավերը կարելի է գրանցել որպես հերթական հարվածը ադրբեջանական դարպասին…

No comments: