Monday, October 5, 2009

ԻՆՉ Է ՊԵՏՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Լրագիր» 5-10-2009- Սփյուռքի մի քանի համայնքներով շրջագայող եւ հայ-թուրքական հարաբերության թեման քննարկող Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իր նախաձեռնությունը աննախադեպ է ազգի համար կարեւոր հարցերի առումով համայն հայության կարծիքը պարզելու, խորհրդակցելու տեսանկյունից: Դրան կարելի էր համաձայնել, եթե իսկապես ընտրվեր այնպիսի մի ձեւաչափ, որը հնարավորություն կտար գոնե կիսով չափ տեղեկանալ հայկական ավելի քան 7 միլիոնանոց սփյուռքի տարատեսակ շերտերի տրամադրությանը: Օրինակ, Փարիզում հանդիպելով նույնիսկ մի քանի հարյուր մարդու հետ, անհնար է պարզել, թե ինչ են մտածում մի քանի հարյուր հազարը: Բայց խնդիրը տվյալ պարագայում դա չէ: Ի վերջո, բոլորի համար էլ աներկբա է, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են եւ ընթանալու են այնպես, ինչպես պետք է, ոչ թե ինչպես սփյուռքը կամ Հայաստանի հասարակությունն է ցանկանում: Հենց դա է խնդիրը: Արդյոք Սերժ Սարգսյանին իսկապես պետք է այլոց կարծիքը, արդյոք նա անկեղծորեն է հետաքրքրվում հայաստանյան եւ արտերկրի հայերի մոտեցումներով եւ տեսակետներով: Արդյոք նրան դա պետք է իր համար նոր բաներ պարզելու, թե ընդամենը աշխարհին ցույց տալու, թե ահա տեսեք, ես պատրաստ եմ նույնիսկ ամբողջ ազգին դեմ գնալ, սակայն ավարտին հասցնել աշխարհաքաղաքական այս կարեւոր նշանակություն ունեցող հարցը: Գուցե հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանն իր համահայկական շրջագայության մեկնարկին “Արմենիան ռիփորթեր” պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ եթե հայ-թուրքական ներկայիս գործընթացը տապալվի, ապա հետո արդեն շատ երկար ժամանակ որեւէ գործիչ չի անդրադառնա այդ խնդրին: Այսինքն` կամ ես, կամ ոչ ոք: Համենայն դեպս, եթե Սերժ Սարգսյանին իրապես հետաքրքրեր որեւէ այլ մեկի կարծիքը, եթե նա իսկապես ցանկանար իր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար որոշումներ կայացնել կարծիքների հնարավորինս լայն շրջանակի ուսումնասիրությամբ, ապա այդ բանը կաներ մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելը կամ ընդհանրապես` մինչեւ ֆուտբոլային դիվանագիտություն սկսելը, ծավալելով հանրային եւ համահայկական քննարկումներ հենց այդ ժամանակ: Պետք չէր այդ քննարկումները ծավալել ուղղակիորեն, ասելով, թե “ես ահա այսպիսի բան եմ մտածել նախաձեռնել, ինչ կասեք, հայեր”: Դա գուցե դիվանագիտական տեսանկյունից թուլացներ Հայաստանի դիրքը Թուրքիայի համեմատ: Բայց կարելի էր ուղղակի հանրային խողովակներով ծավալել քննարկումներ, հասարակական-քաղաքական տրամադրությունները շոշափելու եւ կարծիքներ կազմելու համար: Ավելին, եթե իշխանությունը դա աներ անուղղակի ձեւով, առանց իր մասնակցության կամ շահագրգռության մասին իմաց տալու կամ դրսեւորելու, ապա հասարակական-քաղաքական շրջանակները գուցե ավելի անկեղծ լինեին եւ ավելի հանգիստ մթնոլորտում տեղի ունենար քննարկումը, քանի որ հայկական, հատկապես հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների մեծ մասը իշխանության շունչը կամ հոտը առնելուց արդեն ասում է ոչ թե այն, ինչ մտածում է, այլ այն, ինչ համարում է, որ դուր կգա իշխանությանը: Այ եթե հասարակության, համայն հայության կարծիքը հաշվի առնվեր, ուսումնասիրվեր այդ ժամանակ, միանգամայն որոշակի հնարավոր կլիներ ասել, որ Սերժ Սարգսյանին իսկապես հետաքրքրում է հանրային եւ համահայկական տրամադրությունը: Բայց երբ դա արվում է այն հայտարարությունից հետո, թե հայ-թուրքական արձանագրությունները հնարավոր չէ փոխել, եւ դրա հետ միաժամանակ նաեւ հայտարարվում է, որ “իրեն սպառնացողները միամիտ” են, ապա պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը փաստացի դուրս է եկել ոչ թե հանրության ու հայության կարծիքը հաշվի առնելու, այլ թերեւս հայությանն ու հանրությանը հաղթելու: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: