
/PanARMENIAN.Net/ 12.10.2009 - Իր գործողություններով Թուրքիան փորձում է պրովոկացիայի ենթարկել Հայաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACSNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի նախագահը պետք է արձագանքի թուրքական կողմի հայտարարություններին այն մասին, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չի լինելու, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի ստացել», որոնք արվել են հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո: «Սերժ Սարգսյանը պետք է Թուրքիային հասկացնի, որ չի մեկնի Բուրսա ֆուտբոլային հանդիպման, եթե Անկարան շարունակի իր խաղերը»,- նշել է Ռիչարդ Գիրագոսյանը` ավելացնելով, որ այդ մարտավարությունը նախկինում արդեն աշխատել է: Նրա խոսքով, Թուրքիան մի շարք քայլեր է կատարել, որոնք անընդունելի են հայկական կողմի համար եւ եթե Հայաստանի նախագահը չմեկնի ֆուտբոլային հանդիպման, ապա դրանում Անկարայի մեղքն է լինելու:
«Թուրքիան իր հին խաղն է խաղում, Թուրքիայի վարչապետը հանդես է գալիս «հարձակվողի» դերում, իսկ նախագահը` «լուրջ քաղաքական գործչի» դերում: Աբսուրդի թատրոնը սկսված է»,- ընդգծել է Ռիչարդ Գիրագոսյանը:
No comments:
Post a Comment