Sunday, October 25, 2009

Փորձագետ. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման լուրջ հիմքեր դեռեւս չկան

News.am. 24-10-2009 - «Կարծում եմ, որ „Հարավկովկասյան երկաթուղիներ“ ընկերությունը բոլոր հնարավորություններն ունի տարբեր ուղղություներով՝ Վրաստան, Թուրքիա, Եվրոպա եւ այլն, կապեր ապահովելու եւ այդ կապերը զարգացնելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը՝ ի պատասխան հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացումից հետո որքանո՞վ է իրատեսական վերոնշյալ ընկերության՝ Ասիա-Եվրոպա տրանսպորտային միջանցքը վերցնելու հնարավորությունը։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առումով եւ իրատեսակա՞ն է, որ, առհասարակ, այդ նախագիծն իրականություն դառնա, Սեւակ Սարուխանյանը նկատեց, որ «ինքն իրենով ծրագիրը բավականին գրավիչ է եւ տնտեսական առումով առավել գրավիչ կդառնա հայ-թուրքական սահմանը բացելուց հետո»: Ընդգծելով, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը տրանսպորտային հանգույցների զարգացման առումով լավ խթան կհանդիսանա, նա նկատեց, որ ամենակարեւորը տնտեսական ճգնաժամի պայմաններում նախագծի ֆինանսավորման ապահովման հարցն է, որը դժվար է՝ ինչպես իրանական, այնպես էլ հայկական կողմի համար։ Փորձագետի խոսքով, հենց սա է պատճառը, որ ինքը մոտակա տարիներին ծրագրի իրականացման լուրջ հիմքեր դեռեւս չի տեսնում։ Հիշեցնենք, որ մինչ Իրան-Հայաստան երկաթուղային նախագիծը խոսակցությունների մակարդակի վրա է, օրերս Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները հերթական հանդիպումն են ունեցել՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային նախագիծը կյանքի կոչելու համար: Այս նախագիծը կարժենա 7-8 միլիարդ դոլար, որի մեծ մասը պետք է իրականացնի Իրանը:

No comments: