Saturday, October 3, 2009

Թուրքիայում անվտանգության արտակարգ միջոցառումներ՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ժամանման կապակցությամբ

News.am- 3-10-2009- Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Բուրսա մտնելուն պես կլինի ամենախիստ անվտանգության ներքո, իսկ հավաքականի գտնվելու վայրը եւ հյուրանոցը գաղտնի կպահվեն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Habernet կայքէջը։ Հայաստանի նախագահի Բուրսա ժամանելու հավանականությունը հաշվի առնելով՝ Թուրքիայի նախագահականը, արտգործնախարարությունը, ներքին գործերի նախարարությունը եւ ֆուտբոլի ֆեդերացիան սկսել են համատեղ աշխատել։ Ներքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կանխարգելելու ֆանատների բողոքները հոկտեմբերի 14-ի Թուրքիա-Հայաստան խաղի ընթացքում։ Հայաստանի հավաքականին բերող ինքնաթիռի ժամանելուց սկսած հայկական հավաքականը կլինի առաջին աստիճանի անվտանգության ներքո, իսկ հյուրանոցը եւ այն վայրերը, որտեղ կլինեն հայ ֆուտբոլիստները, կպահվեն ծայրաստիճան գաղտնի։ Դեռեւս հայտնի չէ, թե խաղից մեկ օր առաջ եկող հայ ֆուտբոլիստները կժամանեն Ստամբուլ, թե միանգամից Բուրսա։ Թուրքիա-Հայաստան պատասխան խաղին ներկա կլինի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ մեկտեղ կլինեն մի շարք այլ պաշտոնյաներ, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները։ Խաղի ամենակարեւոր հյուրերից մեկը հնարավոր է լինի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։ Հայտնի է դարձել, որ մարզադաշտ չի թույլատրվի մտնել Հայաստանի դեմ ուղղված պաստառներով։ Մարզադաշտի շրջակայքում եւ Բուրսա քաղաքի հայտնի վայրերում արգելվելու է բողոքի ակցաներ իրականացնելը։

No comments: