Sunday, October 25, 2009

Թուրքիայի «գլխավոր իշխանավորն» ու «գլխավոր ընդդիմադիրը» հանդիպեցին…հարսանիքի սեղանի շուրջ

News.am. 24-10-2009- Թուրքիայի վարչապետը եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հանդիպեցին իրար հետ, բայց ոչ թե բանակցությունների՝ այլ հարսանեկան սեղանի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։ Իրար անընդհատ քննադատող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ամենամեծ ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը իրար կողք նստեցին Թուրքիայի սահմանադրական դատարանի նախագահի որդու հարսանեկան արարողության ժամանակ։ Ավելին՝ Էրդողանը եւ Բայքալը եղան ամուսնության վկաները։ Հյուրերի կազմում էին նաեւ Էրդողանի կինը, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի կինը, ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ NEWS.am-ը նշում է, որ թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությանը, որի մեջ է մտնում քրդական հարցի կարգավորումը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը խիստ դեմ է արտահայտվում։ Դենիզ Բայկալը դեմ է նաեւ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ վերջերս Էրդողանը առաջարկել էր Բայկալին հանդիպել եւ քննարկել այդ հարցերը, սակայն առանց տեսախցիկների։ Դրան Բայկալը չէր համաձայնվել։

No comments: