Wednesday, October 7, 2009

ԱՄՆ պետդեպարտամենտը հնարավոր է համարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը

Tert.am 7-10-2009- Վաշինգթոնը հույս ունի, որ հոկտեմբերի 8-ին Քիշնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունավետ կանցնի: Այդ մասին Trend News-ին հայտնել է Եվրոպայի և Եվրասիայի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևը բանակցություններում վերջերս նշմարված առաջընթացը էական արդյունքների կհանգեցնի Մոլդովայում հանդիպման ժամանակ»,- նշել է Գորդոնը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Քիշնևում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում: Ըստ Ֆիլիպ Գորդոնի` Միացյալ Նահանգների վարչակազմը կանի հնարավոր ամեն ինչ` այդ գործընթացին նեցուկ կանգնելու համար: «Միացյալ Նահանգները շարունակում են վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի գործընթացին: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում անվտանգության հաստատման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեջ: Կարծում եմ` կարգավորումը հնարավոր է, և Միացյալ Նահանգները պատրաստ են օժանդակություն ցուցաբերել»,- հավելել է Ֆիլիպ Գորդոնը:

No comments: