Thursday, September 13, 2012

Ռամիլ Սաֆարովի հարցը՝ այսօր Եվրախորհրդարանում

1in.am. 13-9-2012- Եվրախորհրդարանն այսօր քննարկելու և ընդունելու է ադրբեջանցի սպա ՌամիլՍաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ իր հինգ հիմնական քաղաքական ուժերի ներկայացրած բանաձևի նախագիծը: Նախապես այս 5 խմբակցությունները՝ պահպանողական, սոցիալիստների, Եվրոպական ժողովրդական կուսակցության, լիբերալների ու ժողովրդավարների և Կանաչների խմբակցություններն առանձին-առանձին նախագծեր են ներկայացրել: Պահպանողական խմբակցությունն, օրինակ, իր նախագծում մտահոգություն է հայտնել մարդասպան Ռ.Սաֆարովին Բաքվում հերոսացնելու, նրան մայորի կոչում շնորհելու և անազատության 8 տարիների աշխատավարձը վճարելու համար: Նրանք նաև նշել են, որ այդ խնդիրը կարող է ռիսկի տակ դնել «Արևելյանգործընկերություն» ծրագրի իրականացման ապագան: Սոցիալիստների խմբակցությունը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևը ներում է շնորհել մարդասպանին: Կանաչների խմբակցությունը նշել է, որ ներմանարժանացել ու ազգային հերոսի նման մեծարվել է մի մարդ, որը սպանություն է կատարել ազգային պատկանելության դրդապատճառով: Այս խմբակցությունը նաև Հունգարիայի իշխանություններին կոչ է անում պաշտոնական և դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որ Ադրբեջանը լիարժեք հարգի իր հանձնառությունները և բացատրություն տա, թե ինչու է խախտել տրված հանձնառությունները: Լիբերալների և ժողովրդավարների խմբակցությունն իր նախագծում մտահոգություն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու և մայորի կոչում տալու կապակցությամբ և շեշտել, թե նման քայլերը խարխլում են արդարադատությունը և օրենքի գերակայությունը հարգելու Ադրբեջանի պարտավորությունները: Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը(ԵԺԿ), մյուս կուսակցությունների մտահոգությունների հետ միասին, իր նախագծում նշել էր, թե 2001թ. Հայաստանը ներում շնորհեց Ֆրանսիայից Հայաստան արտահանձնված Վարուժան Կարապետյանին: Հիշեցնենք, որ վերջինս 1985թ. հուլիսի 15-ին Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկ է տեղադրել ճամպրուկում՝ թուրքական ավիաընկերության օդանավը պայթեցնելու նպատակով: Ֆրանսիայում Վ.Կարապետյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման: ՍակայնՎ.Կարապետյանի դեպքը չի կարելի համեմատել Ռ.Սաֆարովի հետ գուցե հենց այն պատճառով, որ նա 18 տարի պատիժը կրելուց հետո 2001թ. ազատ է արձակվում նույն Ֆրանսիայի կողմից: Երկրորդ՝ Վարուժան Կարապետյանը ներման չի արժանացել, Ռոբերտ Քոչարյանը նրան ընդունելության չի արժանացրել և, ի վերջո, ազատման պահին նա Հայաստանի քաղաքացի չէր, այլ՝ Սիրիայի: Մինչդեռ Ռ.Սաֆարովը տեղափոխվում է Ադրբեջան և արդարացվում է իր հայրենիքում: Այնպես որ,ճիշտ չէ այս երկու դեպքերի միանշանակ համեմատությունը: Հավանաբար այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախագծերի հեղինակները երեկ վերջնական տարբերակից հանել էին այդ համեմատությունը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ ԵԽ-ից ստացել էր այսօր քննարկվող բանաձևի նախագիծը: Նրա խոսքերով՝ այդ տարբերակը կոչվում է բանաձևի միացյալ նախագիծ: Այսինքն՝ Եվրախորհրդարանի վերը նշված հինգ խմբակցությունների նախագծերը միացվել և մի ընդհանուր տարբերակով ենառաջարկվել: Ա.Զաքարյանի ունեցած տարբերակում Վ.Կարապետյանին վերաբերող հատվածն արդեն չկար: Սակայն ազատագրված տարածքների մասին կար ոչ բարենպաստ՝ «օկուպացված տարածքներ» ձևակերպումը, ինչը և պետք է փորձեր փոխել ԵԽ-ում աշխատող հայկական պատվիրակությունը: Բնականաբար, Եվրախորհրդարանում աշխատող թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի պատվիրակները պետք է փորձեն, որ բանաձևում տեղ գտնեն իրենց երկրի համար նպաստավոր և հակառակորդ երկրի համար ոչ նպաստավոր ձևակերպումներ: Իսկ թե Հայաստանին որքան կհաջողվի խուսափել իր համար ոչ նպաստավոր ձևակերպումներ ունեցող բանաձևից՝ պարզ կդառնա այսօր: Ամեն դեպքում, ոչ միայն Եվրոպական խորհրդարանը, այլև միջազգային բոլոր ինտեգրացիոն կառույցները Հայաստանին և Ադրբեջանին անդրադառնալիս փորձում են դիտողություններ անել երկու կողմերի համար՝ պահպանելով իրենց վերաբերմունքի հավասարակշռությունը, որի արդյունքում շատ հաճախ անտեսվում է արդարությունը:

No comments: