
Tert.am.13-10-2009- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, «Միացում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը տեղեկացրել են, որ իրենց նախաձեռնությամբ ստեղծվում է նոր շարժում, որը կրում է «Սարդարապատ» անունը։
«Այսօր կրկին, ինչպես բազմիցս պատահել է մեր պատմության ընթացքում, հայրենիքը վտանգված է։ Այժմ հայոց միջնաբերդին սպառնում է ոչ թե օտար բանակը կամ հարևանների դավադրությունը, այլ սեփական իշխանավորները, նրանց կուրացնող իշխելու տենչն ու անհագ ընչաղաքցությունը։ Հայրենակիցներ նման սպառնալիքներին դիմակայելու ունակություն մեր ժողովուրդը վառ կերպով դրսևորել է 91 տարի առաջ, Սարդարապատի բախտորոշ օրերին։ Մենք հայտարարում ենք, որ հայ ժողովրդի փրկության բանաձևը դա Սարդարապատի անպարտելի ոգու վերահաստատումն է Հայաստանում։ Սա է հայոց պատասխանը դարերով շահարկվող հայկական հարցին»,– ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնոող խմբի հայտարարության մեջ։
Նրանք նաև կոչ են անում իրենց «վերկուսակցական շարժմանը զինվորագրվել բոլոր ազնիվ և նվիրյալ հայրենակիցներին»՝ հայրենիքում և արտերկրում։ Նախաձեռնող խմբի անդամները սրանով հայտ են ներկայացնում ծառայել ու առաջնորդել մեր ժողովրդին այս ճանապարհին։
No comments:
Post a Comment