Tuesday, October 13, 2009

ԻՆՉԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՈՇՄԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ

«Լրագիր» 13ռ10ռ2009ռ Սերժ Սարգսյանը օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասում է, թե եթե թուրքերը խորհրդարանում չէին վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, ապա ինչու դրանք ստորագրեցին Ցյուրիխում: Իսկապես: Ինչու թուրքերը ստորագրեցին, եթե չէին վավերացնելու: Այդ հարցին կարելի է պատասխանել, որ ասենք ոչ բոլոր երկրներում է, որտեղ խորհրդարանները գործադիր իշխանության կցորդն են ու անում են այն, ինչ կասի այդ իշխանությունը: Կարելի է պատասխանել, որ կան երկրներ, որտեղ քաղաքական համակարգը շատ ավելի առողջ է եւ դիմադրունակ ու կան հակակշիռների մեխանիզմներ, որոնք երկրին տալիս են արտաքին հարցերում ճկունության մեծ հնարավորություն: Թերեւս եթե այդ հարցում հնարավոր լիներ համոզել Սերժ Սարգսյանին, նա ընդհանրապես չէր տա այդ հարցը օդանավակայանում: Եթե տալիս է, ապա կնշանակի, որ Սերժ Սարգսյանը համոզված է, որ չի լինում այդպիսի բան, եւ բոլոր երկրներում էլ ամեն ինչ վճռվում է մեկ մարդու կամ մարդկանց մի խմբի կամքով: Էլ ինչ պատասխան կարելի է տալ Սերժ Սարգսյանի հարցին: Օրինակ, պատասխան կարող է լինել այն, որ Թուրքիայի իշխանությունը ստորագրի արձանագրությունները, հետո փոշմանի եւ չվավերացնի: Բայց այդ դեպքում Սերժ Սարգսյանը բնականաբար կհարցնի, թե իսկ ինչու է Թուրքիայի իշխանությունը փոշմանել այդ մի քանի օրերի ընթացքում: Ու իսկապես: Ինչ պետք է տեղի ունենա, որ թուրքական իշխանությունը փոշմանի: Ասենք, թուրքերը կարող էին փոշմանել, եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտության մատներ Թուրքիայի հավաքականին 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում: Բայց այդ խաղը մրցաշարային առումով արդեն ոչինչ չի որոշում, թուրքերն արդեն չունեն ընտրական մրցաշարը հաղթահարելու որեւէ շանս, հետեւաբար նույնիսկ կարող են հայերին նվեր անել, էլ ավելի խորացնելով հանդուրժողական երկրի եւ ազգի իրենց իմիջը, որ ձեւավորում են հայերի հետ հարաբերություն սկսելով: Թուրքերն օրինակ կարող են փոշմանել այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվել է որեւէ զիջման գնալ Ղարաբաղի հարցում: Այդ առումով իրավիճակն իսկապես անորոշ է: Ղարաբաղի խնդիրն ուղղակի պայման չէ, սակայն աներկբա է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի տրամաբանությունն անխուսափելի է դարձնում Ղարաբաղի խնդրի առնչությունը դրան: Բայց այդ հարցում էլ անորոշ է, թե ինչ զիջումներ են խոստացվել մինչ այժմ Թուրքիային, որ նա էլ կարող է խոստումից հրաժարվելու դեպքում փոշմանել արձանագրությունների կապակցությամբ: Այդ կապակցությամբ որեւէ մոտավոր պատկեր ունենալու համար շատ կարեւոր է իմանալ, կամ թեկուզ պատկերացնել, թե ինչ զիջումներ կուզեր Թուրքիան: Նա բացահայտ պահանջում է ազատագրված տարածքների վերադարձ, Ադրբեջանի տարածքային ամբողջության եւ սահմանների անձեռնմխելիության հարգում: Բայց արդյոք դա այն է, ինչ ակնկալում է Թուրքիան Ղարաբաղի ուղղությամբ: Իսկ գուցե Թուրքիան այդ ուղղությամբ ոչ մի էական տեղաշարժ էլ չի ակնկալում, բացի նրանից, որ առկա գործընթացում ունենա իր ներգրավվածությունը: Թուրքիային թերեւս դա է պետք, իր աշխարհաքաղաքական ռեսուրսներն ընդլայնելու համար, թե չէ Ադրբեջանի “տարածքային ամբողջության” վերականգնումը Թուրքիային հազիվ թե տաք կամ սառը պահի: Թուրքիային ինչ, թե ում զորքն է կանգնած Հորադիզում, եթե ինքը չկա այդ հարցերի քննարկման շրջանակում: Հետեւաբար, Թուրքիայի ակնկալիքը թերեւս այն է, որ նա գործնական եւ ուղղակի ներգրավվածություն ունենա Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Իսկ Ղարաբաղի հակամարտության կարգավորում ասվածի անվան տակ, արդեն բավական վաղուց, տեղի են ունենում շատ ավելի լայն պրոցեսներ, որոնք վերաբերում են թե տարածաշրջանի, թե հարակից ռեգիոնների զարգացումներին, թե նաեւ տարածաշրջանի երկրների ներքին քաղաքական խնդիրներին: Ահա թերեւս այն, ինչ պետք է Թուրքիային: Իսկ այդ առումով Թուրքիայի ակնկալիքը Հայաստանից չէ, այլ միջազգային հանրություն կոչվածից, ավելի ճիշտ` գերտերություններից: Նրանք կարող են համաձայնել, կամ մերժել Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային լայն քննարկումների շրջանակին: Այլ հարց է, որ գերտերությունները դրա համար կարող են օգտագործել Հայաստանին: Այդ առումով երեւի թե Սերժ Սարգսյանի հարցը պետք է ուղղել գերտերություններին, թե արդյոք նրանք Թուրքիային կտան փոշմանելու պատճառ կամ թույլտվություն, եւ այդ գործում ինչ դերակատարում կտան Հայաստանին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: