Monday, November 23, 2009

Թուրքիայում ամբոխը հարձակվել է քուրդ գործիչների վրա

NEWS.am 23.11.2009 - Թուրքիայում՝ Իզմիր քաղաքում, քարերով հարձակում է տեղի ունեցել քրդական կուսակցության ղեկավարի եւ իրեն ուղեկցողների վրա: Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքի եւ կուսակցության անդամների ավտոշարասյունը Իզմիրում ենթարկվել է քարկոծման թուրքական մի խմբավորման կողմից: Այդ ընթացքում Իզմիրի շենքերի բնակարանների պատուհաններից թափահարում էին Թուրքիայի դրոշներ, իսկ մի խումբ էլ պաստառներ էր պարզել. «Նահատակները չեն մեռնում, հայրենիքը չի բաժանվում» կարգախոսներով: Քրդական կուսակցության անդամների եւ նրանց դեմ բողոքողների միջեւ լարվածությունը ոստիկանությունը դժվարությամբ է կանխել: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Ահմեդ Թուրքին ուղեկցող ավտոշարասյան մասնակիցների եւ բողոքող խմբի միջեւ բախում է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել է 11 հոգի: Այդ թվում, 4 ոստիկան եւ 1 լրագրող: NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում քրդական հարցի կարգավորման նախաձեռնության քննարկումների ժամանակ, քրդական կուսակցության ղեկավարը իր ելույթում առաջնային համարեց քրդական բնակչության իրավունքների պահպանումը: Նա ավելացրեց նաեւ, որ բացի քրդերից՝ թուրքական իշխանությունը պարտավոր է լուծել նաեւ Թուրքիայում ապրող մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները: Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախագահ Ահմեդ Թուրքի ելույթից հետո, նրան ծափահարեց նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ի դեպ, «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկ ջոկատային Իբրահիմ Շահինի նոթատետրում հայտնաբերվել է գրություն, որտեղ նշված է, որ հիշյալ քրդական կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքի պապը եղել է հայ, ով 1925 թվականին փոխել է անուն ազգանունը` հալածանքներից խուսափելու համար:

No comments: